Լոս Անջելեսում ամերիկահայերը մտադիր են գիշերել Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայերը մի քանի ժամ է արդեն շրջափակել են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության շենքը, որտեղ բացի այդ երկրի հյուպատոսարանից, գործում է ևս 5 երկրի հյուպատոսարան, այդ թվում՝ Իսրայելինն ու Բուլղարիայինը: Ակցիայի մասնակիցները փակել են հյուպատոսարանների շենք տանող փողոցը: Նրանք մտադիր են գիշերել այնտեղ և առավոտյան թույլ չտալ հյուպատոսությունների աշխատակիցների մուտքը շենք:
Հայերը շենքի մուտքի դռների վրա փակցրել են Արցախի դրոշն ու «Արցախի հետ, Արցախի համար», «Հայերը ցեղասպանության վտանգի առջև են կանգնած հանձին ադրբեջանական ռեժիմի», «Կանգնեցրեք հայերի 2-րդ ցեղասպանությունը» գրությամբ պաստառներ:
Լոս Անջելեսում Alpha News-ի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանությունը փորձել է ճանապարհը բացել, բայց հայ ակտիվիստները համոզել են նրանց թույլ տալ շարունակել ակցիան: Նրանք կոչ են անում Լոս Անջելեսում ապրող հայերին միանալ ի պաշտպանություն Արցախի՝ իրենց ակցիային: Այնտեղ ներկա են նաև ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթից ավելի է՝ ի պաշտպանություն Արցախի, ամերիկահայերը անհնազանդության ակցիաներ են անում: Նախ նրանք Բըրբանք քաղաքում, որտեղ տեղակայված է կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակը, ակցիա էին արել և հանդիպում պահանջել Շիֆի հետ: Հայ ակտիվիստները կոնգրեսականից պահանջում էին նաև գալ Հայաստան և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Մի քանի օր անց Ադամ Շիֆը համաձայնել էր ընդունել հայերին: Հանդիպմանը կոնգրեսականը տեղեկացրել է, որ շուտով Հայաստան է գալու ամերիկացի այլ կոնգրեսական: Կոնգրեսական Ադամ Շիֆի հանդիպումից հետո ամերիկահայերը իրենց բողոքի ակցիաները շարունակում են Լոս Անջելեսի արևմուտքում գտնվող Ուիլշիր Բուլվարի և Գրենվիլ պողոտայի խաչմերուկում, որը կրում է «Արցախի Հանրապետության հրապարակ» անունը: Այս հրապարակին կից է նաև Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը: