Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերից ամենաերիտասարդը 18 տարեկան է

Այսօր կեսգիշերից հետո Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներից ամենատարիքովը 56 տարեկան է, ամենաերիտասարդը` 18։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը զոհերի վերաբերյալ թարմացված տվյալներ է հրապարակել։

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել են միկրոավտոբուսի ուղևորներ 21-ամյա Մ Է-ն, 41-ամյա Լ Ք-ն, 18–ամյա Ե Փ-ն, 27-ամյա Ն Ա-ն, 21-ամյա Հ Դ-ն, 24-ամյա Ա Մ-ն, 50-ամյա Բ Թ-ն, 45-ամյա Ա Հ-ն, 51-ամյա Ա Մ-ն և 56-ամյա Ա Մ-ն։

Մահացածների թվում է նաև «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսի 35-ամյա վարորդ Մ.Մ.–ն։

Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ բուժկենտրոն են հոսպիտալացվել տուժածներ 27-ամյա Մ. Գ.-ն, 34-ամյա Լ. Ղ.-ն, 33-ամյա Հ. Պ.-ն («ZIL» մակնիշի բեռնատարի վարորդ) , 38-ամյա Պ. Ա.-ն, 23-ամյա Է. Ք.-ն և 39-ամյա Է. Ս.-ն: Վերջինս տեղափոխվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել «Volkswagen» և «ZIL» մակնիշի ավտոմեքենաները։

Ընդգծվում է, որ «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «ZIL»-ը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

ՔԿ–ից տեղեկացնում են, որ «ZIL»–ի վարորդի վիճակը գնահատվում է ծանր, և նա ի վիճակի չէ ցուցմունք տալ:

Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում
բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։

Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։