ՌԴ-ն կարևոր դեր է ստանձնել խաղաղության ապահովման գործում. ակցիա դեսպանատան մոտ
Ռուսաստանը` որպես շրջափակում տեսած և դրանից տուժած պետություն, պետք է շատ լավ գիտակցի ու պատկերացնի դրա անթույլատրելիությունը։ Այսօր Երևանում ՌԴ դեսպանատան առջև ակցիայի ժամանակ այս հայտարարությունն արեց «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկը։ Նա զուգահեռներ անցկացրեց արցախյան շրջափակման և 1940–ական թթ. Լենինգրադի սարսափելի պաշարման միջև։
«Անընդունելի է, որ ռուսական ուժերի վերահսկողության ներքո արցախահայությունը 21-րդ դարում ենթարկվում է նույնատիպ պաշարման և ցեղասպանության»,– նշեց նախաձեռնության անդամը։
Նա շեշտեց` Ռուսաստանն ինքնակամ կարևոր դեր է ստանձնել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Արցախում վերահսկողություն ստանձնելու գործում։ Նախաձեռնության անդամները մտահոգություն են հայտնում Արցախում Ռուսաստանի դերի վերաբերյալ` հիշեցնելով Լաչինի միջանցքի շրջափակումը, Բերձոր, Աղավնո և Սոս գյուղերի հայաթափումը, անգամ հումանիտար բեռների անցման համար ստեղծված արգելքները և այլն։
Նախաձեռնության անդամները պահանջում են, որ Ռուսաստանը նպաստի ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի գումարմանը և ապահովի ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարմանը։
Նրանք իրենց դիրքորոշումը նամակի տեսքով հանձնեցին դեսպանությանը։
Sputnik Արմենիա