Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջեց իր գրառումը և նոր հայտարարություն արեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հեռացրել է նախորդ գրառումը և նոր հայտարարությամբ հաստատել, որ իրենց դիտորդները Գեղարքունիքի մարզում պարեկություն իրականացնելիս եղել են կրակոցների գոտում։

 

«Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում այն վայրում, որտեղ կրակել են»,–ասված է «Թվիթերի» էջի նոր հայտարարության մեջ։

Նշվում է, որ ոչ ոք չի տուժել։

 Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։

Դրանից կարճ ժամանակ անց Հայաստանում ԵՄ առաքելության էջը հանդես եկավ հայտարարությամբ` ապատեղեկատվություն որակելով ՀՀ ՊՆ հաղորդագրությունը։

Սրան հաջորդեց համացանցում տեսանյութի տարածումը, որտեղ հայկական դիրքերում գտնվող ԵՄ դիտորդն ասում էր, որ լանջի այն կողմում գտնվող բլրի դիրքերից կրակում են, հնարավոր է նաև իրենց մեքենայի ուղղությամբ։

Տեսանյութի տարածումից հետո առաքելությունը ջնջեց նախորդ` խիստ որակում տված թվիթը և նոր հայտարարություն հրապարակեց։

Sputnik Արմենիա