Վթարից մահացած արցախցի Հելենի քեռի․ Անհնարին ճանապարհներ կգտնեմ, բայց Հելենին իր ընտանիքի մոտ կհասցնեմ
Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին 11 մարդու կյանք խլած վթարի հետևանքով մահացած Հելեն Դադասյանի մարմինը դեռ հնարավոր չէ տեղափոխել շրջափակման մեջ հայտնված հայրենի Արցախ։
NEWS.am-ի հետ զրույցում Հելենի քեռին՝ Մուշեղ Սաֆարյանը, պատմեց, որ դիմել են Կարմիր խաչին և Արցախի իշխանությանը։ Աղջկա մարմինը դեռ Գորիսի դիահերձարանում է։
«Կարմիր խաչից ասում են՝ աշխատում ենք, աշխատում է նաև Արցախի իշխանությունը։ Ես դեռ երկու օր կհամբերեմ, ինձ ասել են, որ ուրբաթ պատկերը կստացվի։ Եթե հնարավոր չեղավ տեղափոխումը, այլ անհնարին ճանապարհներ կգտնեմ, մինչև վերջ կպայքարեմ, բայց երեխայիս իր ընտանիքի մոտ կհասցնեմ»,- ասաց նա։
Հելենի մայրը ֆիզիկայի ուսուցչուհի է, հայրը՝ արցախյան պատերազմների մասնակից։ Հելենն ունի իրենից մեծ քույր և եղբայր։ Քույրը հաշմանդամ է, Հելենի մահվան լուրն իմանալուց առողջական վիճակը կտրուկ վատացել է, հիվանդանոց է տեղափոխվել։
«Հելենը գերազանցությամբ էր սովորել դպրոցում, գերազանցություամբ էր սովորում նաև համալսարանում, անգամ դասընթացներ էր անցկացնում։ Ոսկու կտոր էր, նպատակներով լի ու ուրախ աղջիկ։ Չէր կարողանում Արցախ վերադառնալ, որոշել էր պատմական հայրենիքը տեսնել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը և «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաև «ZIL»–ի վարորդը։
Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։
Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երևան քաղաքի ուղղության երթևեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։