ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ԴԻՄԵԼ Է ԱՇԽԱՐՀԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԻ ԱՌԻԹՈՎ
Թուրքիայի մի շարք քաղաքական գործիչներ, գրողներ և մարդու իրավունքների պաշտպաններ դիմել են միջազգային հանրությանը՝ կոչ անելով միջամտել Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի հարցում՝ կապված Ադրբեջանի շրջափակման հետ։ Այս մասին տեղեկացրել է Gercek News-ը։
«Թուրք ինտելեկտուալների մի խումբ դիմում է համաշխարհային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ միջամտել պոտենցիալ աղետի կանխմանը և մարդկանց տառապանքների թեթևացմանը։
Անխիղճ շրջափակումը, որը հավանության է արժանանում Բաքվի կառավարության կողմից և վայելում է Անկարայի աջակցությունը, ոչ միայն մեկուսացրել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, այլև վերահաս ցեղասպանության երկյուղներ է առաջացրել։ Այս լուրջ իրավիճակը թուրք ազդեցիկ գործիչներին դրդել է բարձրացնել իրենց ձայնը՝ հանդես գալով միջազգային գործողությունների օգտին, որպեսզի դադարեցվի շրջափակումը և փրկարար օղակ առաջարկվի պաշարված բնակիչներին»,- գրել է ԶԼՄ-ն։
Կոչի էությունն այն համոզմունքն է, որ անթույլատրելի է սպասել, մինչև որ հումանիտար աղետ տեղի ունենա։
«Ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության իրերը չեն կարող հասնել Ղարաբաղ, և բնակիչները հայտնվել են ծուղակում՝ չունենալով շտապ բուժօգնության հասանելիություն։ Ճգնաժամի խորացմանը զուգընթաց և ի հաստատումն միջազգային հանրության անհանգստության՝ Բաքվի դիկտատոր Իլհամ Ալիևը շարունակում է բացահայտ և անընդհատ սպառնալ Ղարաբաղի ժողովրդին այն աստիճանի, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կարևոր հոդված է հրապարակել, որն Ալիևի գործողությունները Ղարաբաղում որակում է որպես ցեղասպանություն»,- նշվել է խմբի հայտարարությունում, որի մեջ կոչ է պարունակվում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, մասնավորապես Միավորված Ազգերի Կազմակերպությանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև Միջազգային ընկերակցությանը՝ միջազգային հանրությունը պետք է ակտիվ դիրքորոշում որդեգրի։