Գեղամ ՍՏԵՓԱՆՅԱՆ․ ՄԱԿ-Ի ԱԽ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱԿՏՈՒԱԼԱՆՈՒՄ Է «ԱՆՋԱՏՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ» ԲԱՆԱՁԵՎԸ
Արցախի ներկայիս պայմաններում աշնանային և ձմեռային շրջանում մարդկանց գոյությունը բացարձակապես անհնար է լինելու։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ստեփանյանը նկատեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի ութամսյա շրջափակումը վկայում է այն մասին, որ Բաքվի պնդումները հայերի իրավունքների և անվտանգության ապահովման պատրաստակամության մասին կեղծ են և անհիմն:
«Ստեղծված պայմաններում անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ստանձնի արցախահայության իրավունքների պաշտպանությունը և ուղղակի մարդասիրական օգնություն ցուցաբերի։ Այդ սկզբունքը նախկինում կիրառվել է, այդ թվում ՝ Ռուսաստանի կողմից, երբ վերջինս ճանաչում էր Աբխազիան և Հարավային Օսիան, ինչպես նաև Արևմուտքի կողմից՝ Կոսովոյի դեպքում»,-հավելեց նա։
Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ այսպես կոչված ինտեգրումը կհանգեցնի արցախահայության էթնիկ զտման, ուստի Արցախի իշխանությոսւնների որոշումները պետք է բխեն այդ տրամաբանության ըմբռնումից։
«Կարծում եմ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօրվա քննարկումները կապված կլինեն հումանիտար հարցերի, Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության և Միջազգային դատարանի որոշումների կատարման հետ։ Թեև Բաքուն փորձելու է օրակարգը տեղափոխել քաղաքական հարթություն։
Մի փոքր հույս կա, որ բանաձև կընդունվի, որը կպարտավորեցնի Բաքվին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, սակայն այս դեպքում էլ Ադրբեջանը կարող է չկատարել այդ որոշումը։
Հետևաբար, այս դեպքում դրանից հետո կստեղծվեն բոլոր հիմքերը «անջատում հանուն փրկության» բանաձևը կիրառելու համար։ Կարծում եմ ՝ դա գիտակցում է նաև Ադրբեջանը»,-եզրափակեց նա։