Լուիս Մորենո ՕԿԱՄՊՈ․ ՀԱՅԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻ ԶՈՀԸ

Հայերը չպետք է լինեն ուկրաինական հակամարտության կողմնակի զոհը։ Այս մասին հայտարարել է անկախ միջազգային փորձագետ, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, Հարվարդի և Յեյլի համալսարանների նախկին պրոֆեսոր Լուիս Մորենո Օկամպոն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը նվիրված առցանց խորհրդաժողովի ժամանակ։

«Ես ուսումնասիրել եմ խնդիրը։ Այն շատ պարզ է: Ժնևյան կոնվենցիաների համաձայն՝ Ցեղասպանության ձևերից մեկը խմբի ֆիզիկական ոչնչացման համար պայմաններ ստեղծելն է։ Հենց դա է տեղի ունենում Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում։ ՄՔԴ-ի որոշմամբ Լաչինի միջանցքը պետք է բացվեր, սակայն նրանք անտեսել են այդ որոշումը։ ԿԽՄԿ-ի հայտարարությունը հաստատում է, որ հնարավոր չէ պարենամթերք և դեղորայք տեղափոխել։ Սովը նույնպես ցեղասպանություն է։ Ինչպե՞ս կանխել այն: Պատասխանատվությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա է։ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն պետք է այնպես անեն, որ փոխեն իրավիճակը՝ չնայած նրան, որ ուկրաինական հակամարտությունը նրանց բաժանեց։ Հայերը չպետք է լինեն ուկրաինական հակամարտության կողմնակի զոհը։ Բայդենը ճանաչել է 1915թ. ցեղասպանությունը: Այժմ անհրաժեշտ է կանխել նոր ցեղասպանությունը»,-նշել է փորձագետը։

«Ադրբեջանը հրաժարվում է կատարել ՄՔԴ-ի որոշումը, և ՄԱԿ-ը պետք է միջոցներ ձեռնարկի։ Բոլորը կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը, նա անտեսում է դա։ Ի՞նչ այլ ապացույցներ են անհրաժեշտ»,-հավելել է նա։

Օկամպոյի գնահատմամբ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն պետք է ապահովեն Լաչինի միջանցքի ազատ գործունեությունը ռուս խաղաղապահների հովանու ներքո: Փորձագետը կրկնել է, որ ԱՄՆ-ն պետք է օգնի խաղաղապահներին կատարել իրենց գործառույթները:

News.am