ՀՀ ԱԳՆ․ Ի՞նչ արձանագրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում

ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում արձանագրվեց, որ միջազգային գործընկերները հստակորեն գիտակցում են Լեռնային Ղարաբաղում ծանրագույն հումանիտար իրավիճակի փաստը։ Այս հայտարարությունն արել է ՀՀ արտգործնախարարությունը։

Օգոստոսի 16-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ հորդորեցին Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։

«ՄԱԿ ԱԽ ձևաչափով արդեն երկրորդ քննարկման ժամանակ հնչած գնահատականներն ու Ադրբեջանին ուղղված հասցեական ուղերձներն ըստ էության լրացնում էին մինչ օրս տարբեր կառավարությունների, միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումները»,–նշում է ԱԳՆ–ն։

Գերատեսչությունը հատկանշական է համարում անդամ պետությունների և ԵՄ ներկայացուցչի ելույթներն առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների։

«Աներկբայորեն ընդգծվեց, որ ավելի քան ութ ամիս շարունակվող շրջափակման հետևանքով ԼՂ բնակչության համար ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը պետք է վերացվի»,– ասվում է հայտարարությունում։

Ըստ ԱԳՆ–ի` միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել միջազգային հանրության կոչերը, կեղծ և իրականությանը չհամապատասխանող պատրվակներ փնտրել` չիրականացնելու իր պարտավորությունները և, երկարաձգելով հումանիտար ճգնաժամը, ներառյալ սովամահության միջոցով էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին։

Ավելին` Ադրբեջանը փորձում է շահարկել միջազգային դերակատարների ցանկացած «հավասարակշիռ» մոտեցում՝ այն մեկնաբանելով որպես իր որդեգրած քաղաքականության շարունակման թողտվություն:

ՀՀ ԱԳՆ–ն ընդգծել է նաև ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ առկա միջազգային ողջ գործիքակազմի օգտագործման և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխափան տեղաշարժի վերականգնման և ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի ապահովման հրատապությունը:

Sputnik Արմենիա