Չինաստանի ԱԳՆ․ Չինաստանն ուշադիր հետևում է Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի ակտուալ գործառնությանը

Չինաստանն ուշադրություն է դարձրել նախագծի իրականացմանը և ուշադիր հետևում է միջազգային այդ միջանցքի ակտուալ գործառնությանը։

«Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ» ասացվածք կա. տարբեր պետությունների միջև տրանսպորտային փոխկապվածության հետագա ամրապնդումը շատ կարևոր նշանակություն ունի հատկապես ընթացիկ միջազգային իրադրությունում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Ասիայի հարցերի վարչության ղեկավարի տեղակալ Չեն Իկունը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե Չինաստանն ինչ նշանակություն է տալիս Հյուսիս-Հարավ ճանապարհին այն համատեքստում, որ Մետաքսի ճանապարհի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ը Միջին Ասիայով Ռուսաստան և Բելառուս այժմ փակ է, և ճանապարհը Հայաստանով դեպի Սև ծով ցամաքային, իսկ հետո՝ դեպի Եվրոպա ճանապարհներից մեկն է։

«Այս տարի նշվում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջադրած «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության տասնամյակը, իսկ Եվրասիայի երկրները մեզ համար կարևոր գործընկերներ են այդ նախաձեռնության իրականացման համար։ Չինաստանը կարևոր նշանակություն է տալիս այդ նախաձեռնության իրականացմանը, որը կապված է ազգային զարգացման ռազմավարության և ինտեգրացիոն այլ գործընթացների հետ մեր տարածաշրջանում։ Կարևոր է առաջ տանել նաև հետագա ներդրումային ծրագրերը տրանսպորտային ենթակառուցվածքում, որպեսզի ապահովվի արտադրական շղթաների և մատակարարումների անխափան գործունեությունը մեր տարածաշրջանում։

Չինաստանը պատրաստակամ է և բաց բոլոր նախաձեռնությունների առջև, որոնք օգտակար են փոխկապվածության բարելավման համար։ Չինաստանը պատրաստ է ապահովել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության առաջմղումը և լրացուցիչ ազդակ հաղորդել զարգացմանը մեր տարածաշրջանում»,- ասել է Չեն Իկունը։

Պեկինից՝ Պարույր Սինյավսկի