ՄԱԿ-ՈՒՄ ՀՂՈՒՄ ԱՐՎԵՑ ԼՂ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻՆ. ՕՍԿԱՆՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ «ՀԱՏԻԿ» Է ԳՏԵԼ

Միջազգային հանրությունը բաց է պահում այսօրվա բանակցային օրակարգը փոխելու հնարավորությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո նման կարծիք է հայտնել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որի մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Օգոստոսի 16-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ հորդորեցին Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։

Օսկանյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը հայ հասարակության մոտ լավատեսություն և հույսեր էր առաջացրել, ավարտվեց հուսախաբությամբ, չընդունվեց որևէ բանաձև կամ հայտարարություն, և հարցական է, արդյոք երբևէ միջազգային իրավունքի ուժով որևէ բանաձև կլինի, որը Ադրբեջանին կպարտադրի բացել Լաչինի միջանցքը։

Սակայն այդ նիստից նախկին նախարարը «լավատեսության մի հատիկ» է գտել, որի իրականություն դառնալու հնարավորությունը կախված է միայն «Հայաստանի իշխանությունների դիրքից ու գործելակերպից կամ նրանց հրաժարականից»։

«Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից որևէ մեկն իր ելույթում հատուկ շեշտադրում չարեց այն փաստին, որ Հայաստանն Արցախը վաղաժամկետ ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ներկայի բանակցություններում հիմնական միջնորդներից Եվրամիության ներկայացուցիչը հղում արեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին, ինչը, կարծում եմ, պատահականություն չէ։ Միջազգային հանրությունը թերևս բաց է պահում այսօրվա բանակցային օրակարգը փոխելու հնարավորությունը»,–նշել է Օսկանյանը։

Այնուհետև նախկին արտգործնախարարը նշել է, թե իր կարծիքով ինչի մաիսն պետք է ԱԽ–ում խոսեր Արարատ Միրզոյանը։

Օսկանյանի դիտարկմամաբ, Միրզոյանը պետք է նշեր, որ Ադրբեջանը չարաշահում է հայկական կողմի բարի կամքի դրսևորումները, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունում ներառված արտահայտությունը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի փորձը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում։

Իսկ խորհրդային տարիներին ԼՂ ունեցած ինքնավար կարգավիճակը պետք է լինի նվազագույն այն հենքը, որի վրա կկառուցվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ ցանկացած քննարկում։

Վերջում Օսկանյանը հավելել է, որ թեպետ հնարավոր չի իրադարձությունները հետ պտտել, հայկական կողմն այդ հնարավորությունը կորցրել է, բայց նշված մոտեցումները, դիրքորոշումները, քաղաքականություն հնարավոր ճանապարհներից մեկն է փոխելու այսօրվա շատ վտանգավոր և փակուղու ու պատերազմի տանող բանակցային նարատիվը։

«Այս մոտեցումներով միայն հնարավոր կլինի բանակցային ճանապարհով հասնելու արդար և երկարատև խաղաղության երկու ժողովուրդների միջև»,–գրել է նա։

Sputnik Արմենիա