ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած բոլոր 14 ուժերին
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 ուժերին։ Որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած ԿԸՀ նիստի ժամանակ։
ԿԸՀ անդամներն արձանագրել են, որ առաջադրված բոլոր քաղաքական ուժերի փաստաթղթերը համապատասխանում են ընտրական օրենսգրքի պահանջներին։
Արդյունքում` Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի 13 կուսակցություն և 1 դաշինք։
Դրանք են` «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։
Գրանցումից հետո եռօրյա ժամկետում՝ մինչև օգոստոսի 21-ը, ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ համացանցային կայքում՝ elections.am։
Կուսակցությունների, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը:
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17–ին։
Sputnik Արմենիա