Առաջիկա 1-2 տարում «Գեոպրոմայնինգը» պատրաստվում է Ագարակի կոմբինատում 15 մլն դոլար ներդնել

Առաջիկա 1-2 տարում «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը պատրաստվում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում մոտ 15 մլն դոլար ներդնել: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է կոմբինատի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը վարչապետի՝ ձեռնարկություն կատարած այցի ընթացքում:

Բնապահպանական իրավիճակի և ջրառի ծավալների մասին վարչապետի հարցին (մանրացված հանքաքարի մշակման համար-խմբ.) Բելյաևը պատասխանել է, որ ջրի հաշվառման համակարգը դեռևս թվայնացված չէ, բայց դրա ծախսի մոնիթորինգն իրականացվում է ամեն օր, այդ նպատակով վերցնում են հոսքաչափիչների տվյալները:

«Կարելի է նաև թվային համակարգ տեղադրել, չեմ կարծում, որ դա շատ մեծ ծախսեր է պահանջում»,-հայտարարել է Փաշինյանը:

Ներդրումային ծրագրում ձգտումների տեղ կա, պատասխանել է Բելյաևը։ Նա հավելել է, որ վերջին 5 տարվա ընթացքում պղնձամոլիբդենային հանքավայրում և հարստացնող ֆաբրիկայում 25 մլն դոլար է ներդրվել, իսկ այս և հաջորդ տարի կներդրվի ևս 15 մլն դոլար:

«Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի փոխնախագահ Անդրեյ Կիշկինսկին, որ ներկա էր հանդիպմանը, հավելել է, որ կոմբինատը շարունակում է արդյունահանումը սահմանված ծավալներով:

Հիշեցնենք, որ ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն ներդրողն է նրա ակտիվները հանրապետությունում, բացի Ագարակի կոմբինատից, ներառում են նաև Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունը): Զանգեզուրի կոմբինատում ընկերությունը ոչ միակ, բայց խոշորագույն բաժնետերն է (բաժնետոմսերի մինորիտար փաթեթ ունի նաև կառավարությունը):

Sputnik Արմենիա