Երեխային կտտանքների ենթարկած մայրը ձերբակալվեց. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երեխային կտտանքների ենթարկած մայրը ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ, 2023թ օգոստոսի 18-ին ՀՀ Քննչական Կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, առանձին դաժանությամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը, որը կատարվել է այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, ինչպես նաև զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով) հատկանիշներով։
Կինը՝ Ա․Ա․-ն հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու և երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովվելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեն առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կհրապարակի:
Հիշեցնենք, որ համացանցում սահմռկեցուցիչ տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մայրն իր անչափահաս դստերը խոշտանգում: Կինը, որը 5 երեխաների մայր է, ծեծի է ենթարկում և նվաստացնում դստերը իր մյուս երեխաների աչքի առջև, ավելին՝ մասնակից դարձնում նրանց՝ քրոջ խոշտանգման համար: Տարածված տեսանյութից հետո ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել կնոջը Ոստիկանության կենտրոնի բաժին:
Նշենք, որ երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա փետրվարին կալանավորվել է՝ երեխային բռնաբարելու համար: Մայրը նույնպես դատապարտված է եղել տարիներ առաջ՝ սուտ մատնության համար։