ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ. ՄՆԱ՞Լ, ԹԵ՞ ՉՄՆԱԼ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Ադրբեջանը միակողմանի վերահսկողություն է սահմանել Լաչինի միջանցքի վրա, ինչը հակասում է 2020 թվականի եռակողմ հայտարարությանը: Մոտ երկու տարուց՝ 2025 թվականի մայիսին, կորոշվի Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) ապագան։ Երևանն ու Բաքուն կա՛մ կերկարաձգեն զորախմբի մանդատը, կա՛մ կհայտարարեն, որ վերջինիս ներկայության կարիքը չկա և կնախապատրաստեն դրա դուրս գալը։ Ռուսաստանի կողմից բանակցային գործընթացում միջնորդի մենաշնորհային դերի կորուստը, շրջափակումը վերացնելու և միջանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու անկարողությունը մեծացնում են երկրորդ սցենարի հավանականությունը։
Ռուս խաղաղապահների կարիքների և կարգավիճակի փոփոխություն
Ռուս խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ավարտին պայմանավորված էր անվտանգության պահպանման անհրաժեշտությամբ՝ մինչև խաղաղության համաձայնագրի կնքումը։ Եվ այս համատեքստում կան մի շարք առանցքային բաղադրիչներ։
Նախ՝ ի սկզբանե խաղաղապահները գտնվում էին «մոխրագույն գոտում», քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սահմանված չէր։ Հենց այս վիճակն է ստեղծել արտաքին երրորդ ուժի առկայության անհրաժեշտությունը։ Սակայն այն բանից հետո, երբ Հայաստանն ամենաբարձր մակարդակով ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, կոնֆիգուրացիան փոխվեց։ Այժմ և՛ Բաքվի, և՛ Երևանի տեսանկյունից ռուս խաղաղապահները տեղակայվել են Ադրբեջանի տարածքում։
Երկրորդ՝ ռուսաստանցի մի շարք փորձագետների և որոշումներ կայացնողների ընկալմամբ՝ 2020 թվականի պատերազմի ելքը դրական էր Ռուսաստանի համար․ Մոսկվան ընդլայնեց իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում և ճնշման գործիք ստացավ տարածաշրջանի երրորդ երկրի՝ Ադրբեջանի վրա, ինչը նախկինում չկար։ Սակայն այս մոտեցումը հակառակ արդյունք տվեց: Ադրբեջանը, վերահսկողություն հաստատելով Լաչինի միջանցքի վրա, արդեն սահմանափակում է զորակազմի աշխատանքը և ճնշում գործադրում վերջինիս վրա։ Այսօր արդեն Մոսկվան է զգուշորեն ընտրում ձևակերպումները և շրջանցում սուր անկյունները՝ Բաքվի գործընկերներին չվիրավորելու համար, քանի որ դրանից է կախված խաղաղապահների ներկայությունն ապագայում։
Երրորդ՝ զորախմբի տեղակայման անհրաժեշտությունը պայմանավորված էր խաղաղության համաձայնագրի բացակայությամբ: Այսօր Երևանն ու Բաքուն հասել են եզրագծին։ Հայաստանը գնացել է անհրաժեշտ միակողմանի զիջումների, և այժմ ընթանում է տեխնիկական մանրամասների քննարկումը։ Ադրբեջանը ճնշում է գործադրում, որպեսզի համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրվի, ինչը թույլ կտա նրան 2025 թվականի մայիսին հայտարարել, որ «հակամարտությունն արդեն անցյալում է, տարածաշրջանում առկա է երկար սպասված խաղաղությունը, և այլևս խաղաղապահների կարիք չկա»։
Եվ չորրորդը՝ Լեռնային Ղարաբաղում «գետնի վրա» ռազմական ներկայությունը պետք է Ռուսաստանի համար երաշխավորեր մենաշնորհային կարգավիճակ բանակցային գործընթացում, ասել է թե՝ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն կարող էր իրականացվել միայն ռուսական կողմի մասնակցությամբ։ Սակայն Երևանի և Բաքվի միջև հիմնական պայմանավորվածությունները ձեռք են բերվում Բրյուսելի և Վաշինգտոնի հարթակներում։ Այսինքն՝ հետկոնֆլիկտային կարգավորման հարցում խաղաղապահների ներկայությունը Ռուսաստանի առաջատար դերի երաշխավորի գործառույթ չի կատարել։
Կարող ենք արձանագրել, որ խաղաղապահների տեղակայման ակնկալիքները՝ որպես տարածաշրջանում գործընթացների վրա ազդեցություն գործելու արժեքավոր գործիք, այսօրվա դրությամբ չեն արդարացել։ Ընդհակառակը՝ Ռուսաստանը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի լուծման անհրաժեշտության և խաղաղապահների մանդատի երկարաձգումը երաշխավորող դիրքերի պահպանման բարդ խնդրի առջև։
Ռուսաստանի համար հիմնական տարբերակները
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի շուրջ իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները որոշելու համար անհրաժեշտ է պատասխանել ամենակարևոր հարցին․ արդյոք Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է պահպանել իր ներկայությունը։
Ավանդաբար այս հիմնախնդրի վերլուծության ժամանակ հետազոտողները կանխահայտ կերպով դրական պատասխան են զետեղում այս հարցի կողքին։ Սակայն Ռուսաստանի արտաքին քաղաքականության ներկայիս միտումը, որը մեծապես հիմնված է քաղաքական նեոռեալիզմի վրա, վկայում է առկա հնարավորություններից ելնելով՝ ազգային շահերի հարմարեցման անհրաժեշտության մասին ։ Այսինքն՝ եթե cost-benefit հարաբերակցությունը հօգուտ առաջինի լինի, ապա Ռուսաստանը կվերանայի իր սկզբնական մոտեցումները։ Վերը նկարագրված ցուցանիշները վկայում են առաջնահերթությունների հնարավոր վերանայման մասին:
Փաստացի ռուս խաղաղապահների ներկայությունը հիմնված է երեք հենասյուների վրա․ Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի բացակայությունը, Ադրբեջանի հետ «ինտեգրվելուց» հրաժարվող հայ բնակչության պահպանումը ։ Առաջին երկու հենասյուների հարթեցումը պետք է հանգեցնի նրան, որ Ռուսաստանը կենտրոնանա վերջինիս վրա։ Սակայն այս դեպքում բացասական միտում կա՝ կապված տեղի բնակչության ելքի նախապատրաստման հետ։
Նախ՝ շարունակվող շրջափակումն անտանելի պայմաններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում մնալու համար։ Ուստի՝ Լաչինի միջանցքի բացումը կարող է հանգեցնել զանգվածային արտագաղթի դեպի Հայաստան, քանի որ պատերազմից հետո բնակչության մեծ մասը վերադարձել էր՝ ելնելով կայուն կյանքի նկատառումներից, որ պայմանավորվում էր ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Երկրորդ՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության բացակայությունը կստեղծի մի իրավիճակ, երբ Ադրբեջանը որոշումները կիրականացնի միակողմանի՝ հիմնվելով Երևանի հետ պայմանավորվածությունների վրա։ Օրինակը Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումն է, որը սկսվեց Հայաստանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո։ Կարևոր է արձանագրել, որ Ռուսաստանը չկարողացավ վերադարձնել Լաչինի միջանցքի վերահսկողությունը քաղաքական և դիվանագիտական գործիքներով, չկարողացավ բացել շրջափակումը, ինչպես նաև ապահովել բնակչության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները և Մոսկվայի միջնորդությամբ գործարկել Ստեփանակերտի և Բաքվի միջև մշտական բանակցային մեխանիզմ։ Այսպիսով՝ առկա միտումի պահպանման դեպքում կարելի է սպասել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայության վերջին հենասյունի թուլացմանը։
Այս հեռանկարը կունենա դոմինոյի էֆեկտ։ Բաքվի պայմաններով հակամարտության «կարգավորումը» կհանգեցնի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության կտրուկ նվազմանը, իսկ Երևանի և Բաքվի միջև անվտանգության նախանշված երաշխիքներով խաղաղության համաձայնագրի ստորագրումը կնվազեցնի Հայաստանի տարածքում ռուսական լայնածավալ ռազմական ներկայության անհրաժեշտությունը (երաշխիքը կապահովվի արդեն ոչ թե արտաքին ուժով, այլ երկկողմ համաձայնագրով)։ Միևնույն ժամանակ, կնվազի Մոսկվայի ներկայության հեռանկարը նաև նոր տարածաշրջանային կոնֆիգուրացիայում։ Բարձր մակարդակով քննարկումներ են ընթանում ապաշրջափակված հաղորդակցություններում ԱԴԾ Սահմանապահ զորքերի ներկայության անհրաժեշտության բացակայության մասին, ինչն ի սկզբանե նախատեսված էր 2020 թվականի հայտարարության մեջ: Այս կապակցությամբ ՌԽԶ-ի՝ որպես Հայաստանում ռուսական ներկայության դոմինոյի առաջին «քար» լինելու անհրաժեշտության միակ հիմքը Լեռնային Ղարաբաղում չկարգավորված իրավիճակի պահպանումն է:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հռետորաբանությունն այն մասին, որ «մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը կլինի հենց խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը կավարտվի հայերի և ադրբեջանցիների ջանքերի շնորհիվ», վկայում է Մոսկվայի ձգտման մասին՝ չստեղծելու սուր անկյուններ, որոնցից հնարավոր կլինի կառչել և երաշխավորել ՌԽԶ-ի մանդատի երկարաձգումը։ Միևնույն ժամանակ, բանակցությունների առաջընթացը հենց արևմտյան հարթակներում բնական ձևով Մոսկվայի մոտ կարող է առաջացնել բոլոր գործընթացները դադարեցնելու ցասնկություն։ Դա թույլ կտա ժամանակ շահել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կարգավորելու և իրենց միջնորդական դիրքերի վերադարձն ապահովելու համար։ Հենց այդ մասին է վկայում ռուսական կողմի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ, ի վնաս որակի և պատշաճ պատրաստվածության խաղաղության պայմանագիր կնքելու փորձն ապագայում կհանգեցնի նոր կոնֆլիկտների: Այլ կերպ ասած՝ հետկոնֆլիկտային վիճակի ներկայիս միտումը չի համադրվում սեփական շահերի ապահովման ռուսական հեռանկարին։
Ըստ այսմ՝ կարող ենք եզրակացնել, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանի համար միակ տարբերակը մնացել է մինչև համաձայնագրի կնքումը կայուն իրավիճակի երաշխավորումը, որին պետք է հաջորդի «գետնի վրա» պայմանավորվածությունների իրագործումը։ Միայն այս խնդիրների լուծումը թույլ կտա Մոսկվային հիմք ստեղծել ապագայում որևէ ներկայություն երաշխավորելու համար։
Սերգեյ Մելքոնյան․ պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող