Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ․ ԴՈՒՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՔ ԴԱՌՆԱԼ ՈՉ ԱՌԱՋՆՈՐԴ ՈՉ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր մենք ունենք լուրջ մարտահրավեր, որը ոչ միայն թշնամու հետ է կապված, այլ ներսում՝ իշխող վիճակից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, Հակոբավանքից ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ դիմելով Արցախի նախագահին:

 

«6 ամիս առաջ պաշտոնից դուրս գալուց ես ասացի, եթե նախագահը պատրաստ է պայքարելու, պատրաստ է դառնալ առաջնորդ մեր հայրենակիցների համար, մենք բոլորս պետք է իր կողքին կանգնենք: Ես այսօր Հակոբավանքից ուզում եմ ասել, որ ցավոք սրտի, դուք չկարողացաք դառնալ ոչ առաջնորդ, ոչ գլխավոր հրամանատար: Դուք չեք կարող խաբել հասարակությանը անվերջ: Մենք ունենք իրավիճակ, որում մենք միայն ուժեղանալու ենք:

Արայիկ, դուք խոսքը դարձրել եք ոչ մի բան: Շաբաթվա սկզբում դուք ասում եք, որ հրաժարական եք տալու ու ձեզ պետք չի համոզել, որոշել եք, դա առաջին անգամ չէր ու 8 հոգուց, որոնք ներկա էին հանդիպմանը, մի մասը ձեզ չէր հավատում, մի մասը ասում էր, որ կարող է էս անգամ ճիշտ է ասում և դա ցավալի է, որ առաջին մարդու խոսքը արդեն չունի արժեք: Բայց դուք ոչ միայն ձեր խոսքը չպահեցիք, դա դուք էիք որոշել, ձեզ ոչ մեկ չի ստիպել, դա պետք չի ուրիշ կերպ ներկայացնել, բայց դուք ուրիշ մարդկանց ասել եք, որ ձեզ վրա ճնշում է գալիս, ու դուք չեք կարող դուրս գալ: Դուք ամեն անգամ տարբեր մարդկանց տարբեր բաներ եք ասում և դա անընդունելի է: Դուք չեք ուզում, որ մենք համախմբվենք ու դառնանք իրոք մեծ բռունցք»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը ասաց, որ ցավալի է, որ Արայիկ Հարությունյանը երկրորդական է համարում մարդկային արժեքները, սկզբունքներն ու գաղափարախոսությունը:

«Հասկանում եմ, որ դուք ինձ ասում եք՝ հասկանում եք, Ռուբեն, հազար անգամ խաբել եմ, կուլ են տվել, խոսքը տվել եմ, հետ եմ վերցրել, ոչ մեկ ինձ բան չի ասել, որովհետև իշխանությունն իմ ձեռնա, փողոցը իմ ձեռնա, ուժայիններն իմ ձեռն են, ինչ կարող եք անել: Բայց ամեն ինչի վերջը գալիս է, էս վերջին շաբաթվա ընթացքում դուք անցաք ոչ միայն այն կարմիր գիծը, հարաբերությունը, որ կար ձեր հետ, այլ նաև ազգի հետ: Ինչ արեց աշխպարհազորը, որ ուժով մտավ Ազգային ժողով, դա անընդունել է, որովհետև դուք քանդում եք պետականությունը, որը կառուցվել է 30 տարի»,- ասաց նա:

Ռուբեն վարդանյանը նշեց, որ արցախցին է հաշիվ պահանջելու Արայիկ Հարությունյանից, ու ինքը կանգնած է լինելու նրանց կողքին:

News.am