ՀԵԼԵՆ ԴԱԴԱՅԱՆԻ ԱՃՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՊԵՏՔ Է ԴԻՄԵԼ ՈՉ ԹԵ ԿԽՄԿ, ԱՅԼ ՄԻԵԴ

Օգոստոսի 14-ին Հայաստանն արթնացավ՝ հերթական անգամ ցնցված սարսափելի ողբերգության գույժից. Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած գիշերային վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնք վերադառնում էին Արևմտյան Հայաստան կատարած ուղևորությունից: Այս ողբերգությունն ինքնին նոր փորձություն դարձավ գրեթե անդադար եռամյա ստրեսի մեջ գտնվող հասարակության համար, սակայն ուղևորներից մեկի մահը ունեցավ նաև հետևանքներ, որոնք դժվարությամբ կարող է պատկերացնել ժամանակակից մարդը, եթե ծանոթ չէ ադրբեջանական անսահման բարբարոսության, դաժանության և ցինիզմի քաղաքականությանը:

Խոսքն, իհարկե, Արցախի Ճարտար գյուղի 21-ամյա բնակչուհի Հելեն Դադայանի մասին է, որը Հայաստանում էր, երբ սկսվեց շրջափակումը, և այդ ժամանակից ի վեր՝ 9 ամիս, չէր տեսել ընտանիքին: Իսկապես դժվար է հավատալ, բայց արդեն մեկ շաբաթ շարունակ հարազատները փորձում են հնարավորություն ստանալ Արցախ տեղափոխելու վթարի զոհ դարձած աղջկա դին, որպեսզի ծնողներն ու ընտանիքի անդամները կարողանան հրաժեշտ տալ նրան և հողին հանձնել հայրենի գյուղում: Ադրբեջանն արգելում է փոխադրումը շրջափակված Արցախ, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ անօգնական տարածում ձեռքերը. թույլտվություն ստանալու միջազգային հումանիտար կազմակերպության բոլոր ջանքերը բախվում են Բաքվի իշխանությունների բացարձակ անմարդկայնությանը, որոնք վաղուց ոտնահարել են իրավական և բարոյական բոլոր նորմերը ապրող հայերի նկատմամբ, իսկ այժմ ոտնահարում են այդ նորմերը նաև մեռածների հանդեպ:

Վերջին մի քանի օրերին Երևանում և Ստեփանակերտում ԿԽՄԿ ներկայացուցչության գրասենյակների առջև բողոքի ակցիաներ են ընթանում՝ Հելենի դիակը տեղափոխելու պահանջով: Ստեփանակերտում ակցիաներին մասնակցում են նաև նրա ծնողները. ականատեսների վկայությամբ՝ մոր վիճակը պարզապես աննկարագրելի է: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտարարել է, որ կոմիտեն, որպես հումանիտար չեզոք միջնորդ, երկխոսություն է վարում երկու կողմերի հետ, սակայն չի կարող հրապարակել նրանց դիրքորոշումները:

«Միայն կարող եմ ասել, որ Կարմիր խաչի կազմակերպությունը պատրաստակամ է մարդասիրական գործողություններ կատարելու: Եթե կա համաձայնությունը, մենք կատարում ենք գործողություն, բայց որոշում կայացնելը մեր ձեռքում չէ: Մենք կարող ենք փորձել՝ հորդորել, երկխոսության վարել կողմերի հետ, սակայն որոշումն, ի վերջո, կայացնում են կողմերը, ոչ թե մենք»,- նշել է նա։ Ինչպես հաղորդել է մահացած աղջկա եղբայրը, ՌԽԶ հրամանատար Ալեքսանդր Լենցովը խոստացել է փորձել օգնել, եթե ԿԽՄԿ-ի ջանքերը ոչնչի չհանգեցնեն, սակայն այստեղ էլ ոչ մի վստահություն չկա:

Ապշեցուցիչ է, բայց Հայաստանի իշխանություններն այս ողջ շաբաթ քար լռություն էին պահպանում՝ չմիջամտելով իրավիճակին և չփորձելով օգնել ընտանիքին։ Երևանում ոչ մի պաշտոնյա չարձագանքեց ԿԽՄԿ պատվիրակության շենքի մոտ տեղի ունեցող ակցիաներին և չփորձեց ինչ-որ կերպ նպաստել հարցի լուծմանը:

Նույնիսկ Հայաստանի օմբուդսմեն կոչեցյալը, որն, ըստ երևույթին, ի վիճակի է միայն «համագործակցության» ձգտել ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ ավելի լավ կիրառման արժանի համառությամբ, անտարբեր մնաց աղջկա հարազատների վշտի և պահանջների հանդեպ, թեև խոսքը զուտ մարդասիրական հարցի մասին է։

ՀՀ օկուպացիոն իշխանությունների այդօրինակ դիրքորոշման մեջ, բնականաբար, տարօրինակ ոչինչ չկա. փաշինյանական կառավարությունը, բացի առհասարակ իր անգործունակությունից, նաև համարում է, որ եթե հարցը վերաբերում է Արցախի բնակիչներին, ապա իրենց իրավասության մեջ չէ։ Եվ իրեն ՀՀ ԱԳՆ անվանող գերատեսչության պաշտոնյաներից ոչ մեկը, միջազգայնագետ իրավաբաններից ոչ մեկը իրեն նեղություն չտվեց բացատրել մարդկանց, որ ԿԽՄԿ-ն տվյալ դեպքում գործնականում անզոր է, քանի որ հարցի լուծումը գերազանցում է այդ կազմակերպության լիազորությունները։ Հիշեցնեմ, դա միջազգային միակ կառույցն է, որը շարունակում է աշխատել Արցախում և, չնայած բոլոր պահանջներին ու դժվարություններին, կատարել իր մարդասիրական առաքելությունը։

Մինչդեռ կա այլ ճանապարհ և այլ կազմակերպություն, որը կարող է օգնել Հելենի աճյունը Արցախ տեղափոխելու հարցում։ Խոսքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մասին է, որն ունի բավարար լիազորություններ, որպեսզի ստիպի Ադրբեջանի իշխանություններին կատարել միջազգային հումանիտար իրավունքի պահանջները: Այդ մասին «ԳԱ»-ին պատմեց ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Նախևառաջ ուզում եմ ցավակցություն հայտնել օգոստոսի 14-ին տեղի ունեցած այդ սարսափելի աղետի զոհերի բոլոր հարազատներին։ Ինչ վերաբերում է Հելեն Դադայանի աճյունի տեղափոխման հետ կապված կոնկրետ հարցին, ապա պետք է ասեմ, որ ինձ զարմացնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան և Ստեփանակերտի գրասենյակների մոտ տեղի ունեցող բողոքի ակցիաները՝ այդ հիանալի և անչափ հարգված կազմակերպությունից խնդրի լուծման պահանջով:

Բանն այն է, որ ԿԽՄԿ-ն չունի իմպերատիվ մանդատ և այնպիսի մեխանիզմներ, որոնք կստիպեն Ադրբեջանին թույլատրել փոխադրումը։ Մեր փորձը հուշում է, որ Բաքվին դա պարտադրելու ունակ է մեկ այլ միջազգային կառույց։ Ավելին, կա նաև այդ կարգի նախադեպ, որն, իհարկե, համարժեք չէ այսօրվա իրավիճակին, սակայն այդ փորձը միանգամայն կիրառելի է։

Հիշեցնեմ, որ ուղիղ 9 տարի առաջ՝ 2014 թվականի օգոստոսին, Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանը առևանգվեց և հայտնվեց բարբարոսների ձեռքում, որոնք գազանաբար սպանեցին նրան գերեվարման հաջորդ օրը։ Չնայած հայկական կողմի բոլոր պահանջներին՝ Բաքուն կտրականապես հրաժարվում էր վերադարձնել մարմինը։ Այն ժամանակ մեր կազմակերպությունը մի խումբ իրավաբանների հետ դիմեց ՄԻԵԴ՝ հատուկ հոդվածով, որը պահանջում է որոշման կայացում և Եվրադատարանի անմիջական միջամտություն։ Արդյունքում Ստրասբուրգում հրատապ քննարկեցին հարցը և ստիպեցին Ադրբեջանին վերադարձնել սպանվածի դին. դա տեղի ունեցավ 20 օր անց։

Կրկնեմ, Հելեն Դադայանի հետ կապված իրավիճակը շատ առումներով այլ է, սակայն հայ իրավաբանները, միգուցե պետական կառույցների ներգրավմամբ, պետք է դիմեն ՄԻԵԴ համանման պահանջով: Դա պետք էր անել առաջին իսկ օրը, բայց այսօր էլ ուշ չէ»,- ընդգծեց Լ.Ալավերդյանը։

Օրինաչափ հարց է ծագում. ինչո՞ւ մասնագետներից և առաջին հերթին՝ ԱԳՆ համապատասխան բաժնի աշխատակիցներից ոչ ոք, ինչպեսև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի կառավարական գրասենյակն ու անձամբ ներկայացուցիչը՝ Եղիշե Կիրակոսյանը 7 օրվա ընթացքում մտքով անգամ չեն անցկացրել դիմել ՄԻԵԴ։ Նրանք չեն բարեհաճել նույնիսկ զգուշացնել բողոքող քաղաքացիներին ԿԽՄԿ-ին ներկայացվող պահանջների անիմաստության և Եվրադատարանի միջոցով հարցը լուծելու հնարավորության մասին։ Ի՞նչ է սա. ապիկարություն, անտարբերություն, թե՞ իրավիճակին չմիջամտելու իշխանությունների հրահանգի կատարում։

Եվ եթե քաղաքակրթության և մարդասիրության բոլոր կարմիր գծերը վաղուց հատած Ադրբեջանի պահվածքը միանգամայն տեղավորվում է այդ պետություն կոչեցյալի ֆաշիստական քաղաքականության մեջ, ապա ինչպե՞ս բնութագրել նման անտարբերությունը և սարսափելի ողբերգություն ապրող մարդկանց օգնելու ցանկության չնչին իսկ նշույլի իսպառ բացակայությունը իրենց իսկ հայրենակիցների կողմից։