Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ՃԱՆԱՉԵԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԽԵԼ Ո՛Չ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՑ, Ո՛Չ ԷԼ՝ ՍԱՀԱՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անկախության հռչակագրի դրույթների համապարփակ բովանդակությունը ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից չի ընկալվել: Հռչակագիրը ոչ թե անկախության՝ իբրև ավարտված գործընթացի արձանագրումն էր, այլ այդ գործընթացի մեկնարկը: Alpha News-ի հետ զրույցում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանն անդրադառնալով 33 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունման փաստին, արձանագրում է՝ հռչակագիրը ոչ միայն սիմվոլիկ, այլև իրավաքաղաքական լուրջ նշանակություն ունեցող փաստաթուղթ էր և շարունակում է այդպիսին մնալ:

 


Գևորգ Դանիելյանի խոսքով՝ անգամ ԽՍՀՄ՝ այն ժամանակվա օրենսդրությունն էր լիարժեքորեն թույլ տալիս ընդունել նման փաստաթղթեր: «Հռչակագրով պետությունը հայտ էր ներկայացրել, որ սկսում է անկախության գործընթաց»,- բացատրում է Դանիելյանը և նշում, որ Անկախության մասին հռչակագիրը անկախության գործընթացի առաջին փաստաթուղթը չէր:

Հիշեցնում է՝ դեռ 1990 թվականի հունվարի 11-ին ընդունվեց օրենք, որով նախատեսվում էր, որ Հայաստանի տարածքում ԽՍՀՄ բոլոր օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը կարող են գործել միայն ՀԽՍՀ Գերագույն խորհրդի վավերացումից հետո:

Դանիելյանն անդրադառնում է նաև այդ տարիներին ընդունված և մոռացված իրավական որոշումներին. «1990 թվականի մայիսի 3-ին ընդունվել էր որոշում, և ձևավորվել էր հանձնաժողով: Այդ որոշմամբ նախատեսվել էր , որ երկու ամիս անց պետք է կայանան «պռեզիդենտի» (խմբ. այդպես է գրված փաստաթղթում) ընտրություններ»:

Նրա խոսքով՝ այդ տարիների քաղաքական որոշ ուժեր դեմ գնացին նախագահական կառավարման մոդելին՝ նշելով, որ կողմ են միայն խորհրդարանականին: Շուտով ընդունվեց հռչակագիրը, որը բացառեց նախագահի ինստիտուտը, սակայն դեռ մեկ տարի չանցած՝ ամեն ինչ գլխիվայր փոխվեց:

«Սեպտեմբերի 1-ին ընդունվեց օրենք Պռեզիդենտի մասին: 1991-ի օգոստոսի 2-ին ընդունվեց արդեն Պռեզիդենտի ընտրության մասին օրենք: Հռչակագիրն արդեն իսկ դա արգելում էր, այնտեղ ամրագրված էր, թե ով կարող է ժողովրդի անունից հանդես գալ»,- պատմում է Գևորգ Դանիելյանը:

Շարունակելով ներկայացնել Երրորդ Հանրապետության իրավական կազմավորման էտապները՝ Դանիելյանը նշում է, որ Անկախության հռչակագրի ընդունումից մի քանի ամիս անց՝ 1990 թվականի դեկտեմբերի 10-ին, ընդունվեց օրենք, որով հայտարարվեց, որ ԽՍՀՄ բոլոր օրենքները և ենթաօրենսդրական ակտերը, պարզապես, չեն գործում: Մինչդեռ, մինչ այդ գործում էր օրենք, ըստ որի, դրանք գործում են, եթե Գերագույն խորհուրդը վավերացնում է:

«Ստացվում է, որ մենք ԽՍՀՄ օրենքները, որոնք հակասում էին Անկախության հռչակագրին, համարում էինք չգործող, բայց դրան զուգահեռ, ընդունեցինք օրենքներ, որոնք հակասում էին հռչակագրին, բայց գործում էին»,- բացատրում է Դանիելյանը:

Նրա համոզմամբ, եթե չընդունվեր նախագահի ինստիտուտի ներդրման գաղափարը, դրանով ճանապարհ կբացվեր Անկախության հռչակագիրն անբեկանելի դարձնելու համար:

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսորը հիշեցնում է նաև ԼՂ-ի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման մասին օրենքը:

«Դեկտեմբերի 1-ին հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂ Ազգային խորհուրդը, դեռ ճանաչված չլինելով՝ որպես սահմանադրական մարմին, համատեղ որոշում կայացրեցին վերամիավորման մասին: Ցավալի է, երբ լսում ես իշխանության առաջին դեմքերից, որ ասում են, եթե արդեն վերամիավորվել էին, ապա ինչու՞ անկախացան»,-ասում է Գևորգ Դանիելյանը:
Բացատրում է՝ 1989-ին Արցախը ստացավ դե ֆակտո անկախություն, իսկ 1991-ին անկախացավ դե յուրե:

«Դեռ մինչև դեկտեմբերի 25-ի տխրահռչակ Ալմաթիի հռչակագիրը, դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, և Արցախը անկախացավ: Ընդ որում, արդեն ընդունվել էր ԽՍՀՄ օրենքը, որը թույլ էր տալիս ինքնավար մարզերին անկախանալ»,-ընդգծում է Դանիելյանը:

Նա նշում է Հայաստանի կողմից Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, ճանաչելու մի քանի փաստ: «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք պայմանագիր կնքվեց, և Հայաստանի զինուժի տեղակայումը Արցախում և հարակից տարածքում՝ անվտանգությունը ապահովելու նկատառումով, հենց այդ պայմանագրի հիման վրա էր»,- ասում է նա:

Ըստ Գևորգ Դանիելյանի՝ բազմաթիվ օրենսդրական ակտերով և միջազգային պայմանագրերով Հայաստանը հաշվի է նստել Արցախի անկախության հետ: «Ինչու չէի՞նք անում դա առանձին որոշմամբ, որովհետև տեղի էին ունենում բանակցային գործընթացներ»,- հիշեցնում է Գևորգ Դանիելյանը:

Նա ընդգծում է՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը չի կարող բխել ոչ Անկախության հռչակագրից ոչ էլ՝ Սահամանադրությունից, որի նախաբանի հիմքում հենց Անկախության հռչակագիրն է: Հռչակարգրում գրված որևէ դրույթի անտեսում նշանակում է՝ Սահմանադրության անտեսում:

Սահմանադրությունը երկու անգամ էական փոփոխությունների է ենթարկվել, բայց նախաբանը մնացել է նույնը:

«Եթե ընդունվել են իրավական ակտեր, ուրեմն պետք է այդ ակտերը փոխել, եթե ժողովուրդը իսկապես դա է ուզում, իսկ եթե չեք վերանայել, ղեկավարվեք այդ ակտերով: Դուք դա պարտավոր եք և իրավունք չունեք շրջանցելու Սահմանադրությունը: Պահանջում եք բոլորից օրինականություն, բայց ինքներդ վաղուց արդեն Սահմանադրությունը փակել եք և դրել մի կողմ»,- ներկա իշխանությունների գործելաոճի վերաբերյալ վրդովմունք է հայտնում Գևորգ Դանիելյանը:

Alpha News