ԿԲ-ն թողարկել է «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկն այսօր շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին:

Իսկ դարձերեսին ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն է, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը կրկին գիլյոշի պատկերի ֆոնին:

Նշվում է, որ Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է, հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը, անկախ պետականության խորհրդանիշներից է: Դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին:

Հայաստանի Հանրապետության առաջին հուշադրամը թողարկվել է 1994 թվականին, և այդ ժամանակից ի վեր ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ոսկե, արծաթե և պղինձ-նիկելից հատված ավելի քան 440 անվանատեսակի հուշադրամներ։

Sputnik Արմենիա