Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԱԿՆԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ ԿԼԻՆԻ ԱՐՑԱԽԻ ՎԵՐՋԸ
Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական և ներկայացուցիչ, հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը Armenia Today-ին տված մեկնաբանությունում զգուշացրել է Բերձորի (Լաչին) միջանցքը Աղդամով անցնող ճանապարհով փոխարինելու վտանգի մասին։
«Մենք բազմիցս խոսել ենք, այսպես կոչված, Աղդամով կամ Ակնայով անցնող ճանապարհի մասին, և մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է՝ այս ճանապարհը չի կարող այլընտրանք դառնալ, առավել ևս Բերձորի միջանցքին փոխարինել։ Սա անհնար է։ Եթե դա այդպես է, ապա մենք արդեն կարող ենք արձանագրել բոլորովին այլ աշխարհաքաղաքական դասավորվածություն, բայց սա արդեն կլինի Արցախի, Արցախի պետականության վերջը»,- ընդգծեց նա։
Ըստ Բաբայանի՝ Աղդամից ճանապարհը զուտ նյութատեխնիկական նշանակություն ունի, բայց ոչ մի դեպքում չի կարող փոխարինել, առավել ևս այլընտրանք դառնալ Բերձորի միջանցքին։ «Լաչինի միջանցքը լրիվ այլ իրավաքաղաքական հարթություն է, լրիվ այլ օբյեկտ է։ Ի դեպ, Ռուսաստանն է Լաչինի միջանցք մարդկանց ու ապրանքների անարգել տեղաշարժի երաշխավորը։ Եվ մենք հույս ունենք, որ նա կվերականգնի այս լիարժեք ռեժիմը»,- պարզաբանել է արցախցի պաշտոնյան։
«Հրապարակ»-ի այն հոդվածի մասին, որում ասվում է Աղդամի ճանապարհը առևտրի նպատակով օգտագործելու Ստեփանակերտի որոշման մասին, Բաբայանը պատասխանել է, որ ինքը ներկա չի եղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հանդիպմանը, որտեղ, ըստ թերթի, այս մասին հայտարարվել է։ «Այս հարցում ես հստակ դիրքորոշում ունեմ, անընդհատ արտահայտել եմ՝ Աղդամի ճանապարհը երբեք, ոչ մի դեպքում չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին, քանի որ դա կբերի աղետի»,- ասաց Բաբայանը։
«Եթե Աղդամի ճանապարհն աշխատում է, դա պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում, բայց ոչ մի դեպքում Լաչինի միջանցքն այս ճանապարհով փոխարինելու համատեքստում։ Միգուցե մի օր այն բացվի, սկսի գործել, ապրանքների փոխանակում լինի Ակնայի տարածքով դեպի Իրան, Մեղրի, չգիտեմ, բայց դա նշանակություն չունի Բերձորի միջանցքի համար։ Որովհետև մենք պետք է այս ճանապարհը դիտարկենք քաղաքական հարթության մեջ, կոնկրետ այս համատեքստում, որովհետև եթե լինի փոխարինում, ապա տեղի կունենա կատարյալ աղետ՝ արցախյան պետականության կազմաքանդում»,- ընդգծեց Արցախի նախկին արտգործնախարարը։
Նա հիշեցրեց, որ Բերձորի միջանցքը պետք է անարգել գործի. սա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկն է։ «Իսկ այստեղ Բերձորի միջանցքն ու Ակնայից ճանապարհը միասին պատկերացնելը, ինչ-որ կերպ կապել փորձելը սխալ է։ Եվ ոչ միայն սխալ, այլև շատ վտանգավոր»,- եզրափակեց Բաբայանը։