Դավիթ ԳԱԼՍՏՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈՂ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԻՐԵՆՑ ԶԻՋՈՒՄՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր Արցախի իշխանություններն այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ արդարացնեն իրենց զիջումները։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Ես հասարակության մեջ պայքարի մթնոլորտ ստեղծելու քայլեր չեմ տեսնում։ Իմ կարծիքով, այս անգործությունը կհանգեցնի նրան, որ ընկճված ու հացից զրկված ժողովրդին կներկայացնեն մի որոշում, որը չի բխի ժողովրդի շահերից, և դա կարդարացնեն նրանով, որ այլ որոշում հնարավոր չէր ընդունել։ Երբ իշխանությունը թույլ է, քաոսային իրավիճակ է ստեղծվում։ Այսօր քաոսային իրավիճակն Արցախում խորանում է իշխանությունների գործողություններով»,- ասել է նա։
Գալստյանը պարզաբանել է, որ «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչները չեն մասնակցել Արցախի անվտանգության խորհրդի նիստին։
«Այս ձևաչափով մեզ հետ որևէ հարց չի քննարկվել»,- ավելացրել է պատգամավորը։
Միաժամանակ նա հայտնել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել քաղաքական ուժերի հետ, քննարկվել է ոչ միայն այս (Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի հարցը - խմբ.), այլև նմանատիպ այլ հարցեր, Հարությունյանը փորձել է հստակեցնել տեսակետները, իմանալ տրամադրվածության մասին, եթե նման խնդիր առաջանա։
«Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենքդեռ Լաչինի միջանցքը հանձնելուց հետո։ Այս անգամ էլ ներկայացրեցինք, և դա հետևյալն է․ եթե մեր շատ հարցերի պատասխանները չկան, ապա մենք չենք կարող նման որոշում կայացնել։ Մենք դեմ ենք արտահայտվել»,- ընդգծել է Գալստյանը։
Նա պարզաբանել է, որ չկան այն հարցերի պատասխանները, թե եթե մարդասիրական բեռներ հասնեն Աղդամի ճանապարհով, կբացվի՞, արդյոք, Լաչինի միջանցքը, ի՞նչ կարգավիճակով, կամ ընդհանրապես կբացվի՞։
«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից օրակարգ նետված թեման միշտ ընդունվում է Հարությունյանի գլխավորած իշխող ուժի կողմից և այս կամ այն ձևով պատճառաբանվում, հետո փորձ է արվում այն ներկայացնել որպես ընդհանուր որոշում։ Մենք երբեք նման որոշումների, այսինքն՝ միակողմանի զիջումների կողմնակից չենք եղել։ Բայց ներկայիս իշխանությունները դա միշտ են արել։
Քանի որ մենք իշխանություն չենք, չգիտենք, թե ինչ պաշարներ ունի Արցախը, և կա՞ն արդյոք ընդհանրապես, ի՞նչ ներուժ ունի մեր պետությունը, հետևաբար չենք կարող ասել «այո» կամ «ոչ»։ Մեկ ամսից ավելի է քննարկումները շարունակվում են, երբ Ադրբեջանն «առաջարկեց» մարդասիրական բեռներ տեղափոխել Աղդամով։
Չեմ կարող ասել՝ նման որոշում կայացե՞լ է, թե՞ ոչ, քանի որ տեղեկություն չունեմ։ Բայց, ճանաչելով Արայիկ Հարությունյանին, կարող եմ ասել, որ նա այդ քննարկումների արդյունքներով որոշում կկայացնի և կձևակերպի որպես «բոլորի» որոշում։ Քանի դեռ չենք ստացել մեր հարցերի պատասխանները, մենք չենք դառնա որևէ որոշման ընդունման մասնակից։ Մենք կտրականապես դեմ էինք որոշումներ կայացնելուն՝ մեր հարցերի պատասխանների բացակայության պայմաններում»,- եզրափակել է խմբակցության ղեկավարը։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Աղդամի ճանապարհով մասնակի առևտուր անցկացնելու որոշման մասին։
Սակայն Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հերքել է այդ լուրը՝ պարզաբանելով, որ որոշում դեռ չի ընդունվել, քննարկումներ են անցկացվում։