ՋՐԱՄԲԱՐԻ ՋՈՒՐԸ ՎԵՐՋԱՆՈՒՄ Է. ԶԱՆԳԱԿԱՏԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀՈՐԸ

Մոտ 1 շաբաթից Արարատի մարզի Զանգակատան ջրամբարի ջուրը կվերջանա, և գյուղացիները փաստի առաջ կկանգնեն։ Մեկը վարկով, մյուսը` պարտքով թունաքիմիկատներ, տնկիներ են ձեռք բերել խնձորի վաճառքից եկամուտ ստանալու հույսով, բայց հիմա հեկտարներով այգիներն անջուր են մնացել։ Զանգակատունն ու Վարդաշատը մեղադրում են Արարատի ներկայիս մարզպետի հորը` նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանին։ Ասում են` երկու գյուղերի այգիները չորացնում են նրա` Տիգրանաշեն գյուղում գտնվող խաղողի այգիները ջրելու համար։

Ջրի խնդիրը նոր չէ

Այս կողմերում ոռոգման ջրի համար պայքարում են արդեն մոտ 5 տարի։ Հարցը տարեցտարի ավելի է սրվում։ Զանգակատան ջրամբարի ծավալը 1մլն 800 հազար խորանարդ մետր է։ Այս տարին չորային էր, և ջրամբարն ամբողջությամբ չի էլ լցվել` միայն 1 մլն 400 հազար խորանարդ մետր։ Հիմա այսքանից մոտ 200 հազար խորանարդ մետր ջուր է մնացել, որն առավելագույնը մինչև սեպտեմբերի 1-ը կբավարարի։

Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Նշան Հակոբյանն ասում է` անգամ եթե չորային տարի չլիներ, միևնույն է` ջուրն էլի քիչ է։ Խորհրդային ժամանակներում, երբ պոմպակայանն ու ջրագիծը նորմալ վիճակում էին, ջրամբարի ջրով ոռոգվում էին Զանգակատուն և Վարդաշատ գյուղերի այգիներն ու Պարույր Սևակի տնամերձ հողամասերը` ընդհանուր մինչև 20 հա տարածքով։ Նրա խոսքով` Տիգրանաշենի հողատարածքները ևս միշտ եղել են ջրամբարի «իշխման գոտում», այսինքն` ջրամբարի ջրով են ոռոգվել։ Հիմա էլ պոմպեր կան, ուղղակի ջրագիծն է սարսափելի վիճակում` գերմաշված է, ինչի պատճառով պարբերաբար վթարներ են լինում. խողովակները մի քանի տեղից պայթում են ու Պարույր Սևակ գյուղի բնակիչներն առանց ջրի են մնում։ Խոսքն այս դեպքում մոտ 100 հա այգիների մասին է, որոնք ևս, այսպես ասած, ջրամբարի ջրի հույսին էին մնացել։

Քանի որ տարին չորային էր, Զանգակատան ու Վարդաշատի բնակիչներին էլ ոռոգման ջրի խնդրից բողոքում էին (նույնիսկ մի անգամ ջրամբարի ճանապարհն են փակել), հրատապ վերամղիչ պոմպակայան գործարկվեց, որ Պարույր Սևակի 100 հա այգիների համար այլևս ջրամբարից ջուր չվերցվի։

Նշան Հակոբյանն ասում է` 1 ամիս ու կես գյուղն առանց ոռոգման ջրի մնաց, մինչև վերամղիչ կայանը կառուցվեց։ Այդ ընթացքում ծիրանի այգիները թառամել, չորացել էին։ Հիմա կայանի հասցրած ջրով փորձ է արվում ոչ թե ոռոգել այգիները, այլ փրկել դրանք։

Պարույր Սևակի 100 հա հողերը ջրամբարի իշխման գոտուց դուրս եկան, բայց Տիգրանաշենի 20-22 հա այգիները մնացին։ Խոսքը մարզպետի հոր` Ռազմիկ Թևոնյանի հողատարածքի մասին է։

Ի՞նչ են ասում ՋՕԸ–ում

«Ջրի սակավության պայմաններում ես պարտավոր եմ ջուրն արդարացի բաշխել ջրօգտագործողների միջև։ Եթե 1 անգամ է ջրում 1 հա ունեցող հողագործը, 1 անգամ էլ պետք է ջրի 10, 20 կամ 30 հա ունեցողը։ Կապ չունի` ներկայիս մարզպետի հայրն էլ իրենց պես ջրօգտագործող է, իր հետ էլ պայմանագիր ունենք։ Նրանք (Զանգակատան գյուղացիները) պնդում են, որ ջրամբարն իրենցն է, իրենց պապերն են կառուցել, իսկ ներքևում ընկած գյուղերը պետք է զրկվեն ջրից»,–ասում է Նշան Հակոբյանը։

Նա համաձայնում է` այո', գյուղացիներն պատճառ ունեն բողոքելու, իրավունք էլ ունեն, բայց թողնել, որ մյուս գյուղերի այգիները չորանան, որ իրենք առատ բերք ստանան, ըստ նրա` արդարացի չէ։

Ի՞նչ են ասում Զանգակատուն և Վարդաշատ գյուղերում

Գյուղերում պնդում են, որ ըստ պայմանավորվածության` ջրամբարի ջրի 1/3–ն է Տիգրանաշենինը։

«Իրենց փայաբաժինը 520 հազար խորանարդ մետր է, մերը` Զանգակատուն և Վարդաշատ գյուղերինը, 700 հազար, մենք մի կերպ գոյատևելով` սպառել ենք մոտ 400 հազար, իրենք սպառել են համարյա 600 հազար»,– նշում է Զանգակատուն գյուղի բնակիչ Հակոբ Սարգսյանը։

«Մենք էստեղ մնացել ենք էս ջրի համար, մեզնից խլում, տանում են ջուրը։ Մեր գյուղը 220 տարվա պատմություն ունի, Տիգրանաշենը` 20։ 300 տնտեսություն կոտորում են 1 տնտեսության համար»,– բողոքում են գյուղերում։

Գյուղամիջում հավաքված գյուղացիները մեկը մյուսին հերթ չտալով մեզ իրենց այգիներն են հրավիրում` սեփական աչքերով տեսնելու կորուստը։ Առանց ջրի մնացած խնձորները չեն մեծանում, նաև որդնում ու փչանում են։ Զանգակատան բնակիչ Արտակ Մովսիսյանը նշում է` նախորդ տարիներին շուկայում խնձորի կիլոգրամը 500 դրամով էր վաճառում, այս տարի արդեն բերքահավաքի ժամանակն է, բայց վաճառքի հանելու բան չկա, որովհետև միայն 2 անգամ են ոռոգել, արդեն 40-45 օր կլինի` խնձորենիները ջուր չեն տեսել։

Նրանց խոսքով` ջրամբարից վայրկյանում 100-150 լիտր ջուր բաց է թողնվում Ռազմիկ Թևոնյանի այգին ոռոգելու համար։

«Սա թշնամություն է»,– պնդում են գյուղացիները։

Այդտեղից մինչև նրա այգիները մոտ 7 կմ հեռավորության վրա են, ջուրը հոսում է բաց տարածքով, արդյունքում ջրի գրեթե 70-80 տոկոս կորուստ է լինում։ Այսինքն` մի կողմից գյուղացիներին ջուր չեն տալիս այգիները ոռոգելու համար, ջուրն անցնում է իրենց տների կողքով, գնում, որ Տիգրանաշեն հասնի, բայց տեղ էլ չի հասնում։ Ցույց են տալիս գյուղի տարբեր հատվածներով հոսող ջուրը, որն ինչքան գնում, այնքան ծանծաղ է դառնում։ Գյուղացիների խոսքով` օրեր առաջ ջրամբարից դարձյալ ջուր են բաց թողել Թևոնյանի այգու համար, ջուրը տեղ չի հասել, և հիմա նորից են անում։

Ի՞նչ են ասում Արարատի մարզպետարանում

Տարածաշրջանում ջրի խնդիր իսկապես կա, բայց ամենալավ վիճակում Զանգակատուն գյուղն է։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ մարզպետի հոր հողատարածքը ոռոգելու համար երկու գյուղերի բնակիչներն անջուր են մնում, իրականության հետ կապ չունի։

Ի՞նչ են ասում Արարատի համայնքապետարանում

Խնդիր իսկապես կա, դրա համար համայնքապետարանում խորհրդակցություններ են անցկացվել, որոշում է կայացվել հրատապ նոր ջրագծի շինարարություն սկսել, որպեսզի առաջիկայում Զանգակատուն գյուղից մինչև Պարույր Սևակ և Տիգրանաշեն գյուղեր ջրագծով ջուրը հասցվի և ներկայիս մոտ 70 տոկոս ջրի կորուստը 10 տոկոսի հասցվի։

Իսկ գյուղացիները...

Գյուղացիները ջրագծի կառուցման հույս չունեն, ասում են` ինչ հիշում են` իրենց նման խոստում են տալիս։ Այլևս ոչ մեկին չեն հավատում։ Իրենք իրենց հերթին խոստանում են` եթե 1-2 օրվա մեջ հարցը չլուծվեց, կտրուկ ու ծայրահեղ քայլերի են գնալու, որովհետև ամբողջ բերքը կորցնելու եզրին են։

Մարիաննա ԹԱՅՏՅԱՆ, Sputnik Արմենիա