ՎԱՐՊԵՏՆ ՈՒ ԱՇԱԿԵՐՏԸ
Ադրբեջանին Արցախի վերաինտեգրման պայմանների ստեղծումն ընթանում է ողջ թափով։ Պետք է արժանին մատուցել Փաշինյանին ու Ալիևին։ Ցանկության դեպքում նրանք կարողանում են գործել նույնիսկ շատ էլ ներդաշնակ, համատեղ ջանքերով մոտեցնելով Փաշինյանի խոստացած խաղաղության դարաշրջանը. դե, նաև նոր ապագան, որն, իհարկե, սարերի հետևում չէ։
Ալիեվը գործում է առանց երևակայության թռիչքի, բայց հետեվողականորեն, արցախցիների համար ստեղծելով անտանելի պայմաններ, բայց ընդ որում ցույց տալով, թե ինչպես կարելի է շտկել իրավիճակը: Որպեսզի մարդկանց չառևանգեն և չդատեն, պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, ապաշխարել և համաներվել։ Գազ և էլեկտրաէներգիա ունենալու համար՝ դրանք պետք է ստանալ Ադրբեջանից, այլ ոչ թե Հայաստանից։ Որպեսզի խանութներում դարակները դատարկ չլինեն, պետք է ապավինել առևտրային հարաբերությունների զարգացմանը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի մոտակա շրջանների հետ։
Բայց Ալիևի բախտը մի քիչ չի բերել։ Այն տեսակը չեն արցախցիները, որ այդքան արագ հանձնեն իրենց պատիվն ու արժանապատվությունը, ուրանան իրենց պատմությունը, հողը, հիշողությունն ու նախնիներին։ Իհարկե, եթե Ադրբեջանին Արցախի վերաինտեգրման գործընթացն Ալիևն անցկացներ առանց դրսից ցուցաբերվող աջակցության, նրա մոտ ոչինչ չէր ստացվի։ Շատ ավելի ծանր փորձությունների միջով է անցել Արցախը…
Սա, ի դեպ, հասկանում ենք ոչ միայն մենք։ Եվ ոչ միայն Ալիևը։ Միջազգային միջնորդները նույնպես շատ լավ հասկանում են։ Դրա համար էլ մեկ անգամ չէ, որ ուղիղ տեքստով ասել են Նիկոլին, թե պետք է օգնել Ալիևին, իր կողմից մղել արցախցիներին վերաինտեգրման։ Դե, Նիկոլն էլ օգնում է՝ ինչպես կարող է։
Նրա հանդեպ, սկզբունքորեն, ի՞նչ դժգոհություններ։ Տղեն ասաց՝ տղեն արեց, մարդն իր խոսքի տերն է։ Բլթացրեց, թե Արցախը Ադրբեջանի մասն է, ուրեմն Արցախը Ադրբեջանի մասն է։
Անսալով կոչերին՝ Փաշինյանը նույնպես սերտորեն լծվել է Ադրբեջանին Արցախի վերաինտեգրման գործընթացին։ Խնդիր է դրված, ըստ երևույթին, հասցնել մինչև 2025 թվականը, որպեսզի ռուս խաղաղապահները հանգիստ հեռանան արդեն վերաինտեգրված Արցախից։ Իսկ քանի որ քիչ ժամանակ է մնացել, Նիկոլը վերջին շրջանում ակտիվ է, հետ չի մնում Ալիևից, հասկանում է, որ եթե Հեյդարովիչին չօգնի, մինչև 2025 թվական նոր ապագան կարող է և չգալ։
Հումանիտար օգնության շարասյուն բերեց Փաշինյանը Լաչինի միջանցք, դա մինչ օրս կանգնած է այնտեղ։ Ցույց տվեց արցախցիներին, որ ինքն ուրախ է օգնել, զօրուգիշեր Արցախի մասին է մտածում, բայց ի՜նչ արած, եթե ճանապարհը փակ է։ Մնում է Աղդամով անցնող ճանապարհը…
Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց, որպեսզի բոլորը համոզվեն, թե ինչ ջանքեր է գործադրում պաշտոնական Երևանը, իսկ արցախցիները տեսնեն, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն էլ օգնական չէ փորձանքի պահին։
Արարատ Միրզոյանն արդեն զանգահարել է իր եվրոպացի բոլոր գործընկերներին, իսկ ոմանք նույնիսկ անվերապահ աջակցության խոսքեր են ասել։ Ավա՜ղ, տեսնում են Արցախի բնակիչները. ոչինչ չի փոխվում…
ԻՍԿ ՀԱՅՏՆԻ ՌԵՓԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԻ ՀՐԱՎԵ՞ՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: Հանճարե՛ղ քայլ: Իսկույն երևում է վարպետի ձեռագիրը: Չէ՞ որ Արցախում շատերը համարում են, թե Հայաստանի իշխանությունները՝ մի կողմ, բայց Հայաստանի ժողովուրդն իր արցախցի եղբայրներին ու քույրերին չի մոռանա, չի լքի, սարի պես պաշտպան կկանգնի իրենց։
Դե ահա, հիմա թող իրենց աչքով համոզվեն, որ այդ ամենը առասպել է։ Մեկ ամիս անց Երևան կժամանի ռեփի աստղը, և Արցախում կկարողանան սեփական աչքով տեսնել, որ երբ իրենք գիշերները հացի հերթ են կանգնում, կտրոններով կամ սոցիալական քարտերով ստանում ոչ ամենաբարձր կարգի բրինձ, մինչ իրենց գնդակոծում են ադրբեջանցի զինվորականները, նույն այդ ժամանակ Երևանը կայֆերի մեջ է։ Այն էլ ի՜նչ կայֆերի: Ողջ թափո՛վ:
Նայեք այս իրավիճակին արցախցու աչքերով, ի՞նչ կմտածի նա։ Նույն այն արցախցին, Արցախի հենց այն քաղաքացին, որն էլ իրականում Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ներառյալ փառատոնների և հավերժական կառնավալի երաշխիքները: Հենց նա է երևանյան համերգների, փառատոնների ու կառնավալի երաշխավորը, քանզի միայն ապուշը չի հասկանում, որ եթե Արցախն ընկնի, թուրք-ադրբեջանական տանդեմի շոշափուկները կձգվեն ավելի հեռուն՝ դեպի «Զանգեզուրի միջանցք», դեպի Սյունիք, Սևան և այնուհետ՝ Երևան։
Բայց կնայի այդ համերգին սոցիալական քարտով հենց նոր բրինձ ստացած մեր արցախցին ու կմտածի. իսկ ինչի՞ համար է ողջ այս պայքարը։ Ախր հեշտից էլ հեշտ՝ ընդունել Բաքվի պայմանները և հանգիստ ապրել, սուսուփուս հետևելով, թե ինչպես է հիմա տակից դուրս գալու Հայաստանն առանց Արցախի՝ հարևանների հետ իր դիմակայության մեջ…
Արցախում հասարակական տրամադրությունների փոփոխման միանգամայն կանխատեսելի սցենար՝ հօգուտ Ադրբեջանին վերաինտեգրվելու։ Նիկոլ Փաշինյանն իսկապես շատ խելացի է։ Դեռ հարց է, թե ով է ավելի շատ բան անում Արցախը Ադրբեջան վերաինտեգրելու համար. Իլհամ Ալիևը, թե Նիկոլ Փաշինյանը։ Մեր կարծիքով՝ Ալիևը Նիկոլի շունն էլ չէ. այնպես, աշակերտ է, որն իսկական վարպետից սովորելու դեռ այնքա՜ն բան ունի։