2023-08-25 10:55
Լրատվական գործակալություններ
Փաշինյանի ասուլիսից հետո թիրախավորված լրագրողները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել
Լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը այսօր ՀՀ գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե և ոստիկանություն հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: Այս մասին նրանք հայտնել են ֆեյսբուքյան տեսաուղերձով:
Բացի այդ, նրանք նաև դատական հայցեր են ներկայացրել ֆեյսբուքյան այն օգտատերերի նկատմամբ, որոնց հնարավոր է եղել հայտնաբերել ու նույնականացնել:
Լրագրողները պահանջում են հրապարակային ներողություն և դրամական փոխհատուցում:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո լրագրողները թիրախավորվել են, նրանց նկատմամբ հնչել են սպառնալիքները, հաշվեհարդարի կոչեր:
News.am