ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՏԱՆՆ ԵՆՔ ԼՈՂԱՆՈՒՄ. ՇՈՒՌՆՈՒԽԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
Շուռնուխ գյուղում նոր թաղամասի շինարարությունը հերթական անգամ հետաձգվում է, բայց բնակիչներին մտահոգողը միայն դաչէ. տները շահագործման հանձնելու պահին կմնան առանց խմելու ջրի:
Օրերս Շուռնուխ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ համոզվեց, որ թաղամասը պատրաստ չէ։
Հուլիսին գրել էինք, որ Հայաստանի իշխանությունները չորրորդ անգամ խախտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր թաղամասի կառուցման ժամկետները։ Ի սկզբանե նախատեսվում էր 13 տուն հանձնել 2021 թվականի վերջին:
Վերջին անգամ քաղաքաշինության կոմիտեից մեզ հայտնել էին, որ նոր թաղամասի տների հանձնման ժամկետ է սահմանվել 2023 թվականի օգոստոսի 15-ը: Բայց դա տեղի չունեցավ:
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է գյուղ, որպեսզի պարզի, թե ինչ փուլում է շինարարությունը։
Արձանագրեցինք, որ շարունակվում է երկու տների, մի քանի անասնագոմի (յուրաքանչյուր տանը կից) կառուցման գործընթացը, ինչպես նաև արդեն կառուցված շինությունների ներքին հարդարանքը։
Կառուցապատողի ներկայացուցիչը մեզ ասաց, որ իրենք կփորձեն «ժամկետների մեջ հասցնել», չհստակեցնելով, սակայն, թե կոնկրետ որ ժամկետների։
Տներից զրկված շուռնուխցիների բնակության պայմանները
Գյուղի տարածքի մի մասը Ադրբեջանին հանձնելու արդյունքում տներից զրկված 13 ընտանիքներն ապաստանել են տարբեր անկյուններում՝ ով ինչպես կարողացել է։ Ոմանք հարազատների մոտ են ապրում, ոմանք տուն են վարձում Գորիսում։ Գյուղապետն ապրում է գյուղապետարանի շենքում։
Թաղամասի հանձնմանը սպասող բնակիչներից մեկը տիկին Նաթելլան է։ Նա որդու հետ ապրում է մահացած ազգականի կիսաքանդ տանը, ազգականի դուստրը հիմա Երևանում է ապրում։ Կինը խնդրում է չլուսանկարել ոչ իրեն, ոչ տունը։
Թե երբ իրեն նոր տուն կտրամադրեն՝ գաղափար չունի։ Այդ մասին ինչ-որ բան պարզելու հնարավորություն չունի, իսկ այդ հարցով ուղիղ երկրի ղեկավարությանը դիմելու հույսը չարդարացավ։
«Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը եկավ։ Գիտեինք, որ գալու է, բայց չգիտեինք՝ երբ։ Կարո՞ղ էին, չէ՞, քաղաքապետը կամ գյուղապետը հետը հանդիպում նշանակեին։ Բայց չէ, եկավ, ծիկրակեց, գնաց։ Բոլորս էլ կուզեինք գնայինք, տեսնեինք, տների հարցով խոսեինք, ուրիշ հարցերով»,-ասում է կինը։
Տունը, որը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել, Նաթելլայի ընտանիքը կառուցել էր գրեթե 20 տարի շարունակ։ Իրերի մի մասը նա տեղափոխել է պապի կիսաքանդ տուն՝ Բարձրավան գյուղ, մի մասն էլ այստեղ են տեղավորել։ Տիկին Նաթելլայի ամուսինը մահացել է արդեն տեղափոխությունից հետո՝ սթրեսի և կորոնավիրուսի պատճառով, չդիմանալով մինչև նոր տան կառուցումը։
Մի ժամանակ ընտանիքը գյուղատնտեսական ապրանքներ էր վաճառում, անասուններ էր պահում։ Այժմ գյուղում անասնապահությամբ զբաղվելը գրեթե անհնար է։
Եկամտի աղբյուրներից մեկը անտուն մնացած շուռնուխցիներին կառավարության կողմից վճարվող ամսական 68 հազար դրամ փոխհատուցումն է, մյուսը՝ ժամանակավոր աշխատանքները: Նաթելլայի որդին, օրինակ, ժամանակ առ ժամանակ փայտահատությամբ է զբաղվում։
«Որտեղ ջուր չկա, կյանք էլ չկա»
Կինը փորձում է մշակել տնամերձ հողամասը, բայց այստեղ ևս լուրջ խնդիրներ կան։ Շոգ օրերին հաճախ ջուր չի լինում։ Ընդ որում՝ խոսքը միայն խմելու ջրի մասին է, ոռոգման ջուր գյուղում առհասարակ չկա։
«Փորձում եմ այգին ջրեմ, հետո փակում եմ, որ տանը մի քիչ ջուր հավաքեմ, որ լվացվենք, լվացք անենք։ Բաղնիք չունենք, կամ հարևանների մոտ ենք լողանում, կամ վառարանը վառում, ջուր ենք տաքացնում։ Ահավոր պայմաններ են, լացելու»,-խոստովանում է Նատելլան։
Խնդիրն առաջացել է այն պատճառով, որ գյուղի ներքևի հատվածը՝ աղբյուրներից մեկի հետ միասին, մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Միակ ավազանը, որտեղից ջուր է հասնում գյուղ, հիմա դատարկ է։
«Արդեն 15-20 օր է՝ ջուր չունենք։ Իսկ որտեղ ջուր չկա, կյանք կլինի՞»,-հարցնում է գյուղի մեկ այլ բնակչուհի։
Կինը պատմում է, որ գյուղացիները ստիպված են ջուր բերել գյուղից դուրս գտնվող աղբյուրներից։ Տակառները մեքենաներն են բարձում ու ջրի են գնում՝ մի քանի կիլոմետր հեռու։ Խնդիրն այնքան սուր է, որ մեր զրուցակիցը նույնիսկ մտածում է ընդմիշտ հեռանալու մասին։
«Ջուրը հիմնական պատճառն է, բայց ուրիշ խնդիրներ էլ կան։ Եթե մարդ է հիվանդանում, Կապան կամ Գորիս հասնելը դժվար է։ Մթերքը նույնպես այնտեղից ենք բերում, գյուղատնտեսության համար հող չկա, մնալն իմաստ չունի»,-ասում է կինը՝ խնդրելով իր անունը չնշել։
Ավելի վաղ Sputnik Արմենիային քաղաքաշինության կոմիտեից հայտնել էին, որ նոր աղբյուր է հայտնաբերվել՝ գյուղից 3 կմ հեռու, և խողովակի կառուցման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Նախատեսվում է նաև նոր լճակ-կարգավորիչ կառուցել։ Սակայն ժամկետներ չէին նշել։
Տրանսպորտի խնդիրը
Սակայն խնդիրների ցանկը խմելու ջրով չի ավարտվում։ Մոտ 20 օր առաջ գյուղը նաև տրանսպորտից է զրկվել։
Մայիսին անվճար միկրոավտոբուս էր գործարկվել Գորիսից դեպիս Որոտան, Բարձրավան և Շուռնուխ սահմանամերձ գյուղեր, բայց այն փչացել է։
Հիմա գյուղացիները ստիպված են ավտոմեքենա ունեցող հարևաններին դիմել, որպեսզի որոշակի գումարի դիմաց կարողանան քաղաք հասնել՝ գնումներ կատարելու կամ այլ գործեր անելու։
Խոտ-Որոտան ճանապարհին պարբերաբար տեղի ունեցող սողանքները էլի ավելի են բարդացնում կապը արտաքին աշխարհի հետ։ Բնակիչները ստիպված են երթևեկել Շուռնուխ-Տանձավեր նոր ճանապարհով, բայց դա զգալիորեն ավելացնում է մինչև Գորիս հեռավորությունը։
Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա