ԱԼԻԲԻՆԵՐԸ ՉԵՆ ԳՈՐԾԻ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ
Իր տիրոջ կամքով հատուկ հանձնարարություններով դեսպանի դիվանագիտական աստիճանի բարձրացած Էդմոն Մարուքյանը սոցցանցերի իր էջերում ու միկրոբլոգներում պարբերաբար «մերկացուցիչ» գրառումներ է կատարում Արցախում տիրող իրավիճակի մասին։ Օրինակ, երեկ նա Նիկոլի օրինակով հայտնեց, որ «Բաքուն նախատեսում է Լաչինի միջանցքի միակողմանի բացում՝ Լեռնային Ղարաբաղի հայերին տարածքից դուրս մղելու նպատակով՝ առանց վերադարձի հնարավորության»։
«Սա էթնիկ զտման դասական քաղաքականություն է. սկզբում անդադար գնդակահարում, սպանում, գրավում են մարդկանց, երկար ժամանակ սովամահ են անում նրանց, իսկ հետո ճանապարհ են բացում, որ հյուծված մարդիկ լքեն Լեռնային Ղարաբաղը»,- վրդովվել է Մարուքյանը, ընդ որում ջանադրաբար խուսափելով գրել «Արցախ», ինչպես որ հրահանգված է փաշինյանական բոլոր հաճկատարներին։ Դեսպանի արդար զայրույթի միակ հետևանքը եզրահանգումն է. «Դա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ»։
Կարծես թե ամեն ինչ ճիշտ է գրում Մարուքյանը, իրավաբանորեն և նույնիսկ քաղաքականապես գրագետ, բավական հուզառատ, բայցև զուսպ, դիվանագիտական և էթիկական նորմերի պահպանմամբ. մի խոսքով, նրան հանդիմանելու բան կարծես թե չկա: Դե, էլ ի՞նչ կարող է անել հատուկ հանձնարարություններով դեսպանը, բացի սոցցանցերում վրդովված գրառումներ անելուց։ Նա հո չի՞ ընդունելու, որ Արցախում իրականացվող ցեղասպանությունն ու էթնիկ զտումները, ինչպեսև 120 000 հայերի կյանքին սպառնացող իրական վտանգը իր անմիջական ղեկավարի գիտակցված հակահայկական քաղաքականության և միտումնավոր գործողությունների արդյունքն են, թեև, անկասկած, գերազանց հասկանում է դա։
Ճիշտ այնպես, ինչպես որ հասկանում է, որ «Դա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ» իր կոչը ամենաիսկական դեմագոգիա է և օդի ցնցում դատարկախոսությամբ, քանզի ահա արդեն ավելի քան 8 ամիս է, ինչ «միջազգային հանրությունը» ապացուցում է իր բացարձակ ապիկարությունը, հավատարմությունը բացառապես իրական քաղաքականության շահերին՝ ի վնաս միջազգային հումանիտար և իրավական նորմերի։ Մանավանդ որ այդ գործում եղանակ են ստեղծում նախևառաջ ՀՀ թուրքամետ իշխանությունները, որոնց հավատարմորեն ծառայում է հատուկ հանձնարարություններով դեսպանը՝ հանուն բարեկեցիկ կյանքի և բարձր կարգավիճակի:
Իրականում Էդմոն Մարուքյանն իր համար ալիբի է ստեղծում. ասել է թե՝ էլ ի՞նչ անեմ, ես գրում եմ, արձանագրում իրողությունները, պատասխանում ընդդիմախոսներին, կոչ անում միջազգային հանրությանը... Ալիբի է ստեղծում ճիշտ այնպես, ինչպես դա անում են Փաշինյանն ու Արցախում իր սպասավոր Արայիկ Հարությունյանը։ Ինչպես Ֆեյսբուքում դիպուկ գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, վերջին շրջանում ակտիվորեն ձեռնարկվող բոլոր գործողությունների նպատակը (մարդասիրական բեռ ուղարկելը, Միրզոյանի ցուցադրական դիվանագիտական ակտիվությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելը և այլն) ալիբի ապահովելն է Փաշինյանի և Հարությունյանի համար։ Նիկոլի իբր իմիջիայլոց արած այն հայտարարությունը, թե «Ծրագրեր են մշակվում՝ Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու», որը կրկնեց Մարուքյանը, նույնպես հենց դրան է ուղղված. իբր՝ մենք զգուշացրել ենք…
Առաջին հայացքից իսկապես կարող է թվալ, թե Փաշինյանն ու իր խունտան ջանքեր են գործադրում Արցախի ապաշրջափակման համար, որին հենց իրենք են նետել ադրբեջանական ֆաշիզմի ճիրանները։ Բայց միայն առաջին հայացքից, քանզի կան մի շարք հարցեր (ի լրումն գլխավորի՝ Արցախը ցեղասպան պետության կազմում ճանաչելու Փաշինյանի պատրաստակամության), որոնք անհերքելիորեն վկայում են մեկ բանի մասին. Փաշինյանն ու Ալիևը այս հարցում նույնպես գործում են համատեղ՝ փորձելով հասնել ընդհանուր նպատակին. ստիպել արցախցիներին կա՛մ համաձայնել «ինտեգրմանը», կա՛մ լքել իրենց Հայրենիքը։
Նման հարցերից մեկը օդային հումանիտար միջանցքի պահանջի բացակայությունն է, որի մասին մի քանի անգամ խոսել են Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև մի շարք փորձագետներ: Հայաստանի և Արցախի իշխանություններն այդ մասին համառորեն լռում են. ո՛չ Փաշինյանը, ո՛չ Հարությունյանը ոչ մի անգամ ծպտուն անգամ չեն հանել այդ առնչությամբ: Մինչդեռ ադրբեջանական ինքնաթիռները հանգիստ շարունակում են օգտագործել Հայաստանի օդային տարածքը դեպի Նախիջևան թռիչքների համար. ավելին, սպառնում են Հայաստանին՝ կապված Կապանի օդանավակայանի շահագործման հետ և անպատիժ գնդակոծում դրա շենքը ՀՀ ինքնիշխան տարածքում։
Այդ թռիչքներին ու գնդակոծություններին զուգահեռ, Արցախի գազամատակարարման բազմամսյա և իսպառ դադարեցման խորապատկերին Նիկոլ Փաշինյանը շարունակում է գազով անխափան ապահովել բռնազավթված և բացառապես գրոհայիններով բնակեցված Շուշին՝ ՀՀ պետբյուջեի, այսինքն մեր ամենքիս վճարած հարկերի հաշվին։
Արցախի 1991-1992թթ. շրջափակման և ներկա իրավիճակի միջև պատմական զուգահեռներն այլ խոսակցության թեմա են։ Հիշեցնեմ միայն, որ Իվանյանում (Խոջալու) Արցախի միակ օդանավակայանն այն ժամանակ ադրբեջանական ՕՄՕՆ-ի ձեռքում էր։ Պաշարված, հինգ կրակակետերից անընդմեջ գնդակոծվող և բառացիորեն մահվան դատապարտված Ստեփանակերտի 80-հազարանոց բնակչությանը փրկելու համար անհրաժեշտ էր ռազմական բեկում, օդանավակայանի ազատագրում և օդային ճանապարհի բացում, ինչն էլ արվեց 1992թ. փետրվարի 26-ին։
Այսօր դրա համար ռազմական գործողություններ չեն պահանջվում. օդանավակայանը՝ վերակառուցված և լիովին պատրաստ շահագործման, գտնվում է հայկական տարածքում: Անհրաժեշտ է լոկ քաղաքական կամք և դիվանագիտական անխոնջ ջանքեր՝ օդային հումանիտար միջանցքն ապահովելու համար։
Խնդիրն այն է, որ փաշինյանական կառավարությանը միջանցք պետք չէ. լինի դա ցամաքային, թե օդային։ Սրանք ձգտում են հնարավորինս արագ խեղդել Արցախը շրջափակմամբ և կոտրել արցախցիներին՝ ի նպաստ թուրքերի շահերի։ Այլապես մարուքյաններն ու միրզոյանները չէին սահմանափակվի համաշխարհային հանրությանն ուղղված դատարկ կոչերով, այլ կդիմեին, օրինակ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ), որը հենց նման իրավիճակներում ցուցաբերած օգնության հարուստ պատմություն ունի։
Առաջիկայում մենք անպայման ավելի հանգամանորեն կանդրադառնանք ՊՀԾ-ի գործարկման հնարավորության հարցին։ Իսկ առայժմ նշենք, որ ՄԱԿ-ի այդ կառույցն իրեն անվանում է «ողջ աշխարհում մարդկանց կյանքեր փրկող և ճակատագրեր փոփոխող խոշորագույն հումանիտար կազմակերպություն»: Ինչպես նշվում է պաշտոնական կայքում, այն աշխատում է «ավելի քան 120 երկրներում և տարածքներում»: Ուշադրություն դարձրեք. «երկրներում և տարածքներում»։ Այսինքն երկրի ճանաչված կամ չճանաչված լինելը որևէ նշանակություն չունի ՊՀԾ-ի օգնությունը ստանալու համար, ինչը բազմիցս ապացուցվել է գործնականում։
Ուրեմն ինչո՞ւ «Հայաստանի ԱԳՆ» կոչվող գերատեսչության մտքով անգամ չի անցնում դիմել այնտեղ։ Չգիտի, թե՞ չի ուզում: Թե՞ ալարում է կատարել բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ օգնության տրամադրմանը հասնելու համար. չէ՞ որ շատ ավելի հեշտ է շրջել աշխարհով մեկ, կրկնել բոլորին ձանձրացրած նույն արտահայտությունները և ի պատասխան ստանալ նույնպիսի հերթապահ հայտարարություններ՝ առանց որևէ կոնկրետ գործողության։
Կրկնեմ. սրանց Արցախի ապաշրջափակումը պետք չէ, սրանք ձգտում են ընդամենը ալիբի ապահովել իրենց համար այն բանից հետո, երբ Արցախին դավաճանելու սև գործը Փաշինյանի ու Հարությունյանի կողմից կհասցվի ավարտին, եթե հասցվի։ Որպեսզի ասեն՝ մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, բայց չստացվեց և պետք է ընդունել Ադրբեջանի պայմանները։
Միայն թե նրանք մոռանում են, որ բազմաթիվ «ինչու»-ները՝ կոնկրետ հարցադրումներով, ոչ մի տեղ չեն անհետանա, և միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կհիշեցնեն և՛ Շուշիին մատակարարվող գազը, և՛ թռիչքները դեպի Նախիջևան, և՛ Ստեփանակերտի օդանավակայանը, և՛ այն, որ չի բարձրացվել օդային հումանիտար միջանցքի հարցը։ Ինչպեսև այն, թե ինչու չի եղել դիմում Պարենի համաշխարհային ծրագրին, որը կոչված է միջամտել և փրկել մարդկանց հենց հումանիտար աղետի իրավիճակներում։
Ոչինչ չի մոռացվի: Եվ ոչ մի ալիբի չի գործի, երբ խոսքը վերաբերում է սեփական ժողովրդի և պետության դեմ կատարած ծանրագույն հանցագործություններին։