Գուրգեն ՆԵՐՍԻՍՅԱՆ. ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՆՄԱՀԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՆԿԱՐԾ ԱՐՑԱԽԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Տևական ժամանակ է մենք ապրում ենք դժվարությունների, ծանրությունների, խնդիրների մեջ, որոնք հարուցվել են Արցախի շրջափակման հետևանքով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

 

 

Նա նշում է, որ հունիսի 15-ից, երբ Ադրբեջանը դիտավորյալ դադարեցրել է Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումները, իրենց առջև ծառացել են լրացուցիչ բազմաթիվ խնդիրներ։ Գուրգեն Ներսիսյանը հայտարարում է, որ ներքին պահանջարկի ավելի քան 70 տոկոսը, իսկ բազմաթիվ ապրանքատեսակների դեպքում ամբողջությամբ ՀՀ ներկրմամբ ապահովվող Արցախը չէր կարող առանց դժվարությունների հաղթահարել այդ իրավիճակը, քանի որ ունեցած ռեսուրսները անսպառ չէին։

«Պարզ է նաև, սոցիալ-տնտեսական ծանր կացությունն իր ազդեցությունն էր ունենալու ժողովրդի սոցիալ-հոգեբանական ընդհանուր վիճակի վրա, որոնք կարող են առաջացնել պոռթկումներ, դժգոհություններ, բողոքներ, անկարգություններ, երկրի կազմաքանդման ու ինքնաոչնչացման հանգեցնել անգամ։ Հասկանալի ու կռահելի սցենար է մշակված մեզ համար հայտնի հեղինակի կողմից»,- ասում է նա։

Գ. Ներսիսյանի կարծիքով, Արցախի ժողովուրդն իրավունք ունի և պետք է թույլատրելիության և իրենց անվտանգության համար լրացուցիչ սպառնալիքներ չծնող չափով տեղեկացված լինի իր շուրջ, հանուն իրեն, իր անունից տեղի ունեցող երևույթների, իրադարձությունների մասին. «Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով: Պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, նախաձեռնություն ցուցաբերել, չգերագնահատել միջնորդ երկրների ջանքերը և չթերագնահատելով ՝ դրանք ճիշտ օգտագործել: Պետք է չվախենալ դժվարություններից ու մնալ հաստատուն: Այս իրավիճակից դուրս գալու ուղիները որոշելու պատասխանատվությունը բոլորինն է, պետք է գործել ոչ թե վախվորած, այլ համարձակորեն»:

Նա նշում է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ընտրել է ղարաբաղյան խնդիրը լուծելու հետևյալ գործողությունների ամբողջությունը՝ Արցախում ներքին պառակտում և խռովություններ հրահրելը, պետական ինստիտուտների կազմաքանդումը, Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի՝ Լաչինի միջանցքի իրական նշանակության նվազեցումը կամ սպառումը, ... այդ ամենի հետևանքով Արցախի հայաթափումը, ասել է թե արցախահայության ցեղասպանություն։

«Մենք պետք է գիտակցենք, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու Արցախի ժողովրդին ցեղասպանելու իր ծրագրից, ուստի անընդունելի են մարդասիրության, խաղաղության ձգտելու մասին բոլոր հայտարարություններն ու պնդումները, դրանք ծուղակներ են, որոնց մեջ մենք մի քանի անգամ հայտնվել են։

Խաղաղության և խաղաղ գոյակցության մասին հայտարարությունները սխալ են, խաբուսիկ, ծուղակային, քանզի այդպիսի ցանկությունը համոզիչ կլիներ, եթե մեր ժողովրդին սպանելու, թիրախավորելու, սովի մատնելու փոխարեն Ադրբեջանը և միջազգային հանրությունը սկսեին անվտանգային միջավայրը բարելավելուց, սպառնալիքների լեզուն, ճնշումների գործիքները չեզոքացնելուց»,- ասում է Արցախի պետական նախարարը։

Գ.Ներսիսյանը նշում է, որ 2020 թվականի պատերազմից հետո գրեթե մեկ օր խաղաղություն չտեսած Արցախի անվտանգության խնդիրն ամեն ինչից վեր դասելու ու ամեն ինչի նախապայմանը դարձնելու փոխարեն այն ճանաչվել է Ադրբեջանի մաս. «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշպանելու փոխարեն արցախցին ճանաչվել է կամ փորձ է արվում դիտարկվել որպես էթնիկ փոքրամասնություն մի տարածքում, որի հիմնադիրը, տերն ու տիրակալն է եղել դարեր շարունակ։ Արցախցիների ու ադրբեջանցիների անմահատեղելիությունն անընդհատ ապացուցելու փոխարեն հանկարծ Արցախը ճանաչվել է ադրբեջանական։

Վագիֆ Խաչատրյանի հարազատներին, 2023 թվականին մարտին սպանված մեր ոստիկանության ծառայողների, 44-օրյա պատերազմի ընթացում գլխատված, անդամահատված, գերեվարված, անհայտ կորած մեր հազարավոր քաղաքացիների հարազատներին, տաս օրից ավելի իրենց զոհված դստեր՝ Հելեն Դադայանի մարմինը չտեսած ծնողներին ինչպե՞ս կարելի է առաջարկել ադրբեջանցիների հետ համատեղ կյանք վարել։ Ես չեմ լսել Հայաստանի կողմից նման հայտարարություններ միջազգային հանրության հետ խոսելիս։

Արցախի համար խնդիրներն էլ ավելի են բարդանալու, մարտահրավերները կարող են դառնալ նույնիսկ անհաղթահարելի կամ դժվար հաղթահարելի, եթե ՀՀ չցուցաբերի անհրաժեշտ քաղաքական, ռազմաքաղաքական, իրավակաքաղաքական, տնտեսական, սոցիալական, անգամ հոգեբանական աջակցություն»։

Նա կարծում է, որ պետք է դիմել ՌԴ-ին, իրավիճակով հետաքրքվող բոլոր դերակատարներին՝ ստեղծված իրավիճակի, անվտանգային խնդիրների շուրջ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով. «Քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորել Ադրբեջանի տարածքում մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուս խաղաղապահների տեղակայման վայրում կամ ցանկացած այլ անվտանգ վայրում երրորդ կողմի մասնակցությամբ, որի միջոցով պետք է ապահովվի քննարկման կառուցողականությունը, ձեռք բերված պայմանավորվածությունների անխախտելիությունը»։

Panorama.am