Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա հայտնել է, որ Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորել դեպի շրջափակված Արցախ մարդասիրական օդային օգնությունը և անձամբ գտնվել մարդասիրական օգնություն բերող օդանավի մեջ:

«Մարդասիրական ոլորտի մեր գործընկեր շվեյցարական Impact Investing Solutions ընկերությունն իր կայքում արդեն հրապարակել է մամուլի հաղորդագրություն»,- գրել է նա։

Հաղորդագրությունում ասվում է. «Լիխտենշտայնի արքայազն Նորին Վսեմություն Միխաելի հետ միասին աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա և նախկին ղեկավարներ ևս պատրաստ են կենսական անհրաժեշտության ապրանքներն օդային կամուրջով հասցնել Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, արդեն ութ ամսից ավելի է, ինչ զրկված են սննդից ու դեղորայքից»:

«Հիշեցնեմ, որ դեռևս դեկտեմբերին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անդամներն ու միջազգային մարդասիրական հանրության ղեկավարները կոչ էին արել հրատապ մարդասիրական օդային օգնություն կազմակերպել դեպի Արցախ:

Սա շատ վառ օրինակ է, որ միջազգային դերակատարները պատրաստ են իրական աջակցություն տրամադրել, եթե լիովին տեղեկացված լինեն Արցախում տիրող իրավիճակից: Այս իմաստով ակնհայտ է, որ տեղեկատվական ոլորտում մեր ամենօրյա աշխատանքն արդյունավետ է, և մենք բոլորս պետք է ավելի ու ավելի շատ ջանք գործադրենք, որ աշխարհն իսկապես գիտակցի, թե Արցախում հիմա ինչ է կատարվում, և ինչ կարող է անել նրանցից յուրաքանչյուրը: Դրա համար միջազգային լրագրողները պետք է հնարավորություն ունենան գալ և տեղում համոզվել, որ Արցախում ամենաիսկական մարդասիրական ճգնաժամ է և 120 հազար բնակչության ցեղասպանություն»,- նշել է Արցախի նախկին պետնախարարը:

Ամբողջական հաղորդագրությունը ստորև՝

Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից։ Ըստ այս մարդասիրական առաքելության մեր գործընկերներից մեկի՝ շվեյցարական Impact Investing Solutions ընկերության՝ «Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելի հետ միասին աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա և նախկին ղեկավարներ ևս պատրաստ են կենսական անհրաժեշտության ապրանքներն օդային կամուրջով հասցնելու Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, արդեն ութ ամսից ավելի է, ինչ զրկված է սննդից ու դեղորայքից»։

Դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օդային օգնություն կազմակերպելու կոչն առաջին անգամ հնչել է 2022 թվականի դեկտեմբերին համաշխարհային մարդասիրական առաջնորդների կողմից, որոնց թվում էին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբոուն, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար և առողջապահության նախկին նախարար Բեռնար Քուշները, կլիմայի և հավասարության քարոզիչ, Unilever-ի նախկին գործադիր տնօրեն Պոլ Պոլմանը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, ինչպես նաև շատ ու շատ իրավապաշտպաններ և խաղաղության ակտիվիստներ:

Այսպիսով՝ կազմակերպվում է միջազգային մարդասիրական օդային մատակարարում, որը սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ է հասցնում տեղի բնակչությանը և դուրս բերում ծանր հիվանդներին: Վերջինների թվում են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի մի քանի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնց փրկության համար պահանջվում է անհետաձգելի բուժօգնություն, որը, սակայն, չի կարող պատշաճ կերպով մատուցվել շրջափակման պատճառով։

Միևնույն ժամանակ, քանի դեռ ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ, մարդասիրական օդային կամուրջը պետք է օգնի տեղի բնակչությանը՝ գոյատևելու ու դիմակայելու: Ստեփանակերտի օդանավակայանը կարող է շահագործվել այս նպատակով։ Սա որևէ լրացուցիչ ջանք չի պահանջելու միջազգային հանրությունից, բացառությամբ՝ ապահովելու օդային մատակարարումներն ու օդային կամրջի անվտանգությունը:

Պարենի համաշխարհային ծրագրին և Կարմիր խաչին կոչ է արվել առաջիկա օրերին կազմակերպել չվերթը, և Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստ է գլխավորելու առաջին մարդասիրական առաքելությունը։

News.am