Ակցիայի մասնակիցները փակեցին Ռուսաստանի դեսպանատան հարակից փողոցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ակցիայի մասնակիցչները քիչ առաջ փակեցին Զաքյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկը: Նրանք կոչ արեցին քաղաքացիներին անտարբեր չմնալ և միանալ իրենց բողոքի ակցիային:

 

Ավելի վաղ «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները ադրբեջանցիների կողմից արցախցի երիտասարդի առևանգման դեպքով բողոքի ակցիա էին իրականացրել Ռուսաստանի դեսպանատան դիմաց:

Նրանք պահանջում են, որ Ռուսաստանը տեր կանգնի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին և անվտանգ երթևեկություն ապահովի Լաչինի միջանցքով:

Հիշեցնենք՝ ադրբեջանցիներն այսօր առևանգել են Հակարիի կամրջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցի 22-ամյա Ալեն Նելսոնի Սարգսյանին: Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, որը մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ալեն Սարգսյանին ադրբեջանցիները ուժի և հարկադրանքի կիրառմամբ են առևանգվել ու անհայտ ուղղությամբ տարվել:

Ըստ նրա՝ Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս 5 հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։

Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, թե ձերբակալվածները մեղադրվում են 2021 թվականին «ադրբեջանական դրոշը անարգելու» մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին էլ Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում

AlphaNews.am