ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԿՈՂՄԻՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ…
2018թ. հոկտեմբերի 31-ին ՀՔԾ ՀԿԳ նախկին ավագ քննիչ (2007-2011թթ.) Վահագն Հարությունյանին մեղադրանք ներկայացվեց Մարտի 1-ի գործով իրեղեն ապացույցները կեղծելու համար: Նույն օրը Հարությունյանի փաստաբանը տեղեկացրեց ՀՔԾ-ին, որ իր պաշտպանյալը, առողջական վիճակի պատճառով, հուլիսի 17-ից գտնվում է Մոսկվայում:
5 տարի առաջ մեր լսարանին մանրամասնորեն տեղեկացրել ենք, այսպես կոչված՝ 1000 պարկուճների գործի մասին։ Ըստ մեղադրանքի, լինելով 2008թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար՝ Հարությունյանը նախաքննության ընթացքում հայտնաբերել է, որ ցուցարարների հետ ոստիկանության բախումներին «ակտիվ մասնակցություն են ունեցել ՊՆ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներ, որոնք զենք են կիրառել»:
2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կառավարության շենքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված և կրկին անդրադարձավ կեղծ պարկուճների թեմային: Նրա խոսքերով, դեպքի վայրում հավաքված 1000 պարկուճները փոխարինվել են ներքին զորքերի ծառայողների զենքի կրակոցներից ստացված պարկուճներով: Այլ կերպ ասած՝ 2008թ.մարտի 1-ին քաղաքապետարանի հարակից տարածքում արձակված կրակոցների պարկուճները փոխարինվել են ուրիշներով։ Փաշինյանի թերթը գրեց, թե իբր՝ ոստիկաններին տարել են հրաձգարան, իսկ կրակոցներից հետո հավաքել պարկուճները, որոնցով էլ փոխարինել են մարտի 1-ի զանգվածային անկարգությունների վայրում հավաքվածները։ «Այս բացահայտումը վկայում է իրական հանցագործությունը կոծկելու և գործի ողնաշարը կոտրելու փորձի մասին»,- ընդգծեց ՀՔԾ պետը:
Եթե այդքան ջանադրաբար ձեռնամուխ եղան այդ գործին 2018-ի ապրիլին իշխանությունը զավթելուց անմիջապես հետո, ապա ինչո՞ւ են որոշել վերադառնալ դրան 5 տարի անց և հենց պարկուճների փոփոխման դրվագի հետ կապված։ Ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել վերջին շրջանում: Գուցե պատճառն այն է, որ փորձում են ինչ-որ կերպ արդարացնե՞լ Փաշինյանի սուտը, թե մարտի 1-ի գործը բացահայտված է 100 տոկոսով։ Բայց չէ՞ որ այն պահի դրությամբ, երբ ռեժիմի պարագլուխը հնչեցրեց այդ հայտարարությունը, նրան արդեն հայտնի էր պարկուճների փոխարինման մասին ՀՔԾ վարկածը, նա գիտեր, որ այդ փոխարինումն անհնար է դարձնում 2008թ. մարտի 1-ի տասը զոհերին սպանողների բացահայտումը։
Հարությունյանը արտագաղթեց, որպեսզի չդառնա քավության նոխազ, որի վրա կբարդեն իրեղեն ապացույցների կեղծման մեղքը։ Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մոսկվայից բազմիցս հայտարարել է, որ մարտի 1-ի գործը կարող է բացահայտվել, բայց ռեժիմին ծառայող քննիչներն ի վիճակի չեն դա անել: Կոստանյանն իր օգնությունն առաջարկեց այն պայմանով, որ հանվեն իրեն ներկայացված մեղադրանքները, և որ չկալանավորվի՝ ոտք դնելով ՀՀ տարածք։ Նախկին գլխավոր դատախազի առաջարկին ցուցաբերած արձագանքն ակնհայտ դարձրեց, որ ռեժիմը բնավ շահագրգռված չէ 10 հոգու սպանած անձանց բացահայտման հարցում։
Նրանք, ովքեր կարող են պրոֆեսիոնալ մակարդակով դատել իշխանափոխությունից առաջ և հետո գործի քննության մասին, վստահ են, որ ներկայումս քննությունը փոխարինված է այն արդյունքներով, որոնք արձանագրել է «Երևանում 2008թ.մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող» տխրահռչակ փաստահավաք խումբը՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, որն այսօր զբաղեցնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Մինչ այդ նա գլխավորում էր 2016թ.Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Իսկ ներկայումս գլխավորում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ 2008թ. մարտի 1-2-ին Երևանում ծավալված իրադարձությունների մասին խմբի հավաքած տեղեկությունները դեռևս նախկին իշխանության օրոք հրապարակվեցին ընդդիմադիր լրատվամիջոցներում, ապա տպագրվեցին առանձին գրքույկով՝ Տեր-Պետրոսյանի փողերով։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գեներալներ Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրելու անհաջող փորձից 5 տարի անց ռեժիմը որոշել է վերադառնալ Մարտի 1-ի գործին: Ինչո՞ւ է վերադարձը կապված հենց նշյալ դրվագի հետ, թեև Օհանյանը և ուժային կառույցների մյուս նախկին ղեկավարները արդեն մանրամասն պարզաբանումներ են տվել ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության վերաբերյալ: Պատասխանը կներկայացնեմ հոդվածի վերջում...
Իսկ հիմա՝ գլխավորի մասին. երբ ԶՈՒ ստորաբաժանումներին մեղադրում էին ցուցարարների վրա կրակ բացելու մեջ, մշտապես հղում էր արվում, թե օգտագործելով այդ ստորաբաժանումները Երևանում՝ իշխանությունն այդպիսով, իբր, անպաշտպան է թողել դիրքերն Արցախում: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին Փաշինյանի հայտարարությունից հետո, այն բանից հետո, երբ նրա լուռ համաձայնությամբ ադրբեջանցի զավթիչները 2021 թվականի մայիսի 12-ից գրավեցին ինքնիշխան Հայաստանի ավելի քան 150 քառ. կմ տարածք, այդ մեղադրանքներն առնվազն ծիծաղելի են հնչում։
Մարտի 1-ի գործին կրկին վերադառնալու հրամանը, անկասկած, տրվեց Փաշինյանի կողմից հենց այն պահին, երբ մազից է կախված ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ճակատագիրը: Ժամանակին մենք հրապարակել ենք իր հասցեին ՀՔԾ պետի զրպարտանքի համար Վ.Հարությունյանի դատարան դիմելու մանրամասները, գրել ենք 2008թ. փետրվարի 23-ին ԵԿՄ-ում տեղի ունեցած հայտնի խորհրդակցության, փաստահավաք խմբի նիստում պաշտպանության նախկին նախարար Մ.Հարությունյանի տված ցուցմունքների մասին։ Իշխանությունը զավթելուց անմիջապես հետո ռեժիմը հրապարակեց նրա ցուցմունքների տեսագրությունը, որում շեշտը դրվեց 0038 հրամանի վրա: Այս մանրամասներին վերադառնալն իմաստ չունի, անցել է 5 տարի, բայց Փաշինյանը դիմեց այդ քայլին բնավ ոչ պատահաբար։
Շարունակվում է գյուղացիական տնտեսություններին վառելանյութի մատակարարման տենդերի գործով դատավարությունը է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի դեմ, միաժամանակ նրան մեղադրանք է առաջադրվել ՊՆ հաշվեկշռում գտնվող շենքն օտարելու համար: Պարկուճների կեղծման և ցուցարարներին ցրելու գործում ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության մասով Մարտի 1-ի գործին վերադառնալը կասկած չի թողնում, որ ռեժիմի պարագլուխը՝ Ա.Քոչարյանի աչալուրջ ղեկավարությամբ, որոշել է վերադառնալ 0038 հրամանին այն պատճառով, որ բանակի և ԱԱԾ-ի կառավարմամբ այդ տարիներին զբաղվում էր կառավարությունը։
Մ.Հարությունյանը վերոնշյալ տեսանյութում խոսում է այն մասին, որ 0038 հրամանի վերաբերյալ հարցերը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ գերագույն գլխավոր հրամանատարին, այն է՝ նախագահական ընտրություններից հետո դեռևս պաշտոնավարող Ռոբերտ Քոչարյանին: Չխորանալով մանրամասների մեջ՝ արձանագրենք ակնհայտը. Արցախում աղետի սրման փուլում ռեժիմի պարագլուխը որոշել է գործի դնել բոլոր միջոցները՝ ՀՀԿ-ն գլխատելու համար, որը Սարգսյանի ղեկավարությամբ մեծ ներուժ ունի՝ առաջնորդելու համաժողովրդական դիմադրությունը Փաշինյանի դավաճանական քաղաքականությանը։ Այսօր մտացածին մեղադրանքով բանտում է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, բայց դա քիչ է զանգվածային դիմադրության վտանգը վերջնականապես զրոյացնելու համար: Այդ իսկ պատճառով վերակենդանացրեցին կեղծ պարկուճների գործը, որպեսզի ոչնչից հիմքեր ստեղծեն ՀՀԿ առաջնորդին կալանավորելու համար։
Արդեն գտել են նաև նոր մեղադրյալ (անունը առայժմ չեմ նշի)։ Ռեժիմն օգտագործում է նրան ճիշտ այնպես, ինչպես գյուղատնտեսության նախկին նախարար, այժմ հանգուցյալ Սերգո Կարապետյանին, որից, հիշեցնեմ, ցուցմունք կորզեցին երրորդ նախագահի դեմ՝ տենդերի գործով։ Մի խոսքով, երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին գրոհում են ամեն կողմից։ Որովհետև վախենում են:
Եվ էլի մի բան. Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավոր ընտրվելիս խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարեց, որ իր համար դժվար է լինելու աշխատել երկրորդ նախագահի և մի խումբ անձանց կողմից սահմանադրական կարգի տապալելման մեղադրանքով գործը փակած դատավորների հետ։ Նա խոստացավ վերակենդանացնել Մարտի 1-ի գործը։ Սաֆարյանը Անդրանիկ Քոչարյանի խմբի առանցքային կերպարներից էր, իսկ սահմանադրական կարգի տապալման գործով դատավարության ժամանակ ներկայացնում էր զոհվածների հարազատների շահերը։ Հիշեցնեմ, որ երկրորդ նախագահի և մի խումբ անձանց դեմ գործը փակվեց, քանի որ մեղադրանքի հոդվածը հակասում էր Հիմնական օրենքին։ Առջևում երրորդ նախագահին «փակելու» փորձն է. պատճառն ակնհայտ է…