Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ. ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԻ
Հիմա ոչ մի բան չի կատարվում Արցախում. մենք քննարկումը լուսադեմին ենք ավարտել, դեռևս պետք է բոլոր կողմերը մարսեն այն, ինչը տեղի է ունեցել, որովհետև երեկվա հանդիպման ձևաչափը նախադեպ չուներ: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը, որը տևել է շուրջ 6 ժամ, որին մասնակցել են նաև նախկին նախագահները:
«Մեզ համար էլ մի քիչ անսպասելի տարբերակ էր: Վատ չէր, բոլորը հավաքվել էին մի տեղ և տեսակետ ասելու հնարավորություն ունեին: Ներկա էին բոլոր պատգամավորները, նախկին նախագահները, ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ակտիվիստներ:
Բոլոր առաջարկները Արցախի նախագահն արձանագրում էր: Նա նորից պատմական էքսկուրս արեց, իրավիճակին իր գնահատականը տվեց: Այնուհետև պետնախարարը ներկայացրեց հումանիտար իրավիճակը: Որևէ դիրքորոշում որպես այդպիսին, Արցախի նախագահը չհայտնեց՝ պատճառաբանելով, որ ուզում է մնացածի դիրքորոշումները լսել, քանի որ հակված է իր դիրքորոշման հիմքում ներառել հավաքական ինչ-որ դիրքորոշում»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իրենց քաղաքական ուժի ղեկավարը և նախկին նախագահներն արձանագրել են, որ երկրի ղեկավարի գործառույթը հենց որոշում կայացնելն է՝ անկախ լսած տեսակետներից:
Հարցին, թե ի՞նչ եզրահանգման եկաք այդ հանդիպման արդյունքում, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց. «Արցախի նախագահը պետք է որոշում կայացնի և ըստ այդ որոշման տանի քաղաքական կուրսը: Այդ հանդիպմանը նաև առաջարկ է հնչել, որ բեկում մտցնելու համար պետք է դերակատարին փոխել, գա նոր դերակատար, որն ավելի մեծ քաղաքական կամք կունենա դիմակայելու այս ամենին: Մենք առաջարկեցինք նաև Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններին պահանջ ներկայացնել նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի և նաև Ղարաբաղի կողմի մասնակցությամբ աշխատանքային խմբեր ձևավորել և նստել բանակցությունների այդ ձևաչափով»:
Ինչ վերաբերում է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի գործարկմանը, նա ասաց, որ այդ ճանապարհը բացելու հստակ առաջարկ որևէ մեկը չի արել. «Բայց տարբեր ծրագրերի դեպքում, երբ խոսում են Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մասին, հասկանալի է դառնում, որ դրա մեջ կներառվի նաև Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործումը:
Ընդհանուր առմամբ, պատկերացումները, ձևակերպումները տարբեր են, բայց բոլորի մոտ այն տեսակետն է, որ ի վերջո, պետք է նստել սեղանի շուրջ և խոսել: Մենք պնդել ենք, որ դա մեր առաջարկած ձևաչափով լինի և որևէ կերպ ՀՀ իշխանությունների կամ որևէ այլ երկրի ճնշման ներքո Արցախը չգնա երկխոսության»,-ասաց Հակոբյանը:
Նա հավելեց, որ խոսակցություններն ընթանում են առաջիկայում Ադրբեջանի հետ հանդիպման գնալու շուրջ: «Ճնշումները այդ ուղղությամբ մեծ են և դրա մեջ նաև արագ ճնշում գործադրելու ձև ունի ՀՀ իշխանությունը, բնականաբար նաև Ադրբեջանը, նաև այլ դերակատարներ: Նման զարգացման դեպքում Արցախի հարցը միջազգային ինչ-որ ձևաչափում այլևս ներառելը անհավանական կլինի: Դա նաև հիմք կհանդիսանա, որ ՀՀ իշխանությունները արագ գնան խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Մենք մեր կամքի դրսևորմամբ և այդ ճնշմանը դեռևս չենթարկվելով կարողանում ենք այդ վտանգավոր խաղաղության պայմանագիրը հետաձգել»,-հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավորը:
Նրա խոսքով, սակայն, Ադրբեջանի հետ հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա. «Ամբողջ խնդիրն այն է որ Ադրբեջանից մենք որևէ փաստաթղթավորված, գրավոր որևէ առաջարկ կամ թեկուզ պահանջ չենք ստանում: Դա լինում է մամուլի միջոցով և անհարիր է, որ նույնիսկ այս վիճակում գտնվող պետությունն ընդունի դրանք»:
Մետաքսե Հակոբյանն ամփոփելով խոսքը, նշեց, որ այս պահի դրությամբ քննարկումից հետո սպասում են, թե Արայիկ Հարությունյանն ինչ որոշում կկայացնի: Գուցե խորհրդակցությունները շարունակվեն, բայց արդյունքը պետք է լինի նրա որոշում կայացնելը: