Արցախի ԱԳՆ. Լաչինի միջանցքի ու այլ ճանապարհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է

Լաչինի միջանցքի և ցանկացած այլ, այդ թվում` Ակնայով ճանապարհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է Արցախի համար։ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը` մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկը։

Սեպտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Եկատերինա Կասինժեն հայտարարություն էր տարածել, ըստ որի` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելու համար առաջարկել է փուլային մոտեցում, որը կարտացոլի հետևողականություն Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հարցում։

«Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար, բայց պարտադրել արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ` անընդունելի է»,– նշեց Ղազարյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Արցախը փոխզիջումների պատրաստ է, որի մասին ևս խոսել էր Շառլ Միշելը, ԱԳ նախարարը նշեց, որ անկախ միջազգային տարբեր կառույցների հայտարարություններից` Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է Արցախը վերաբերվում ՀՀ իշխանությունների` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հրապարակային հայտարարություններին` Ղազարյանը նշեց` 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեի ժամանակ Արցախի ժողովուրդն արդեն իր դիրքորոշումը հայտնել է։

«Իր հավաքական կամքն արդեն Արցախի ժողովուրդը հայտնել է, և Արցախի իշխանությունները միայն ու միայն այդ տրամաբանությամբ են ղեկավարվում։ Այս տարիների ընթացքում տարբեր հայտարարություններ են եղել, բայց ինչպես տեսնում ես, ավելի քան 120 հազար մեր հայրենակիցներ` առանց բարձր խոսքերի, ազատ ու անկախ երկրի պայմաններում են կյանքը շարունակում»,– շեշտեց նա։

Ղազարյանը չցանկացավ մեկնաբանել, թե ստեղծված իրավիճակում ինչու հրաժարական տվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։