Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ Ո՛Չ ԿԱՐՄԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ, Ո՛Չ ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՀԱՅԻ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼՈՒ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ուղերձն արցախցիներին և ի զորակցություն Արցախի՝ Երևանում կայացած հանրահավաքի մասնակիցներին

«Հայրենակիցնե՛ր,

Շատերդ մտածում եք, որ դիմելով ձեզ, Նուբարաշենի բանտախցից, կուզեի հիմա ձեզ հետ լինել, ասեմ, որ ոչ, միակ վայրը, որտեղ կցանկանայի լինել՝ Արցախն է։ Կուզենայի արցախահայության կողքին կիսել նրանց հետ ոչ միայն զրկանքների ծանրությունը, այլև տեղում պայքարի պարտականությունը, որն այսօր ծանրացել է 120 հազար հայրենակիցներիս ուսերին։

Սիրելի արցախցիներ,

Հայ ժողովրդի պատմության հերթական որոգայթը բերել հասցրել է նրան, որ 10 միլիոնանոց ժողովրդի ճակատագիրը, արժանապատվությունը, հեղինակությունը մնացել են հենց ձեր ուսերին։ Համաձայն եմ՝ ճիշտ չէ, արդար չէ, երբ ազգ մնալու քննությունը մի ամբողջ հայության փոխարեն հանձնում եք հիմնականում դուք և ձեր երեխաները։ Ոչ ոք չնեղանա, անշուշտ, աշխարհով սփռված մեր հայրենակիցների մի մասը ցավում է ձեզ հետ միասին, մտահոգ է ձեզանով, խղճներս հանգիստ չեն, սրտներս ցավում են, հոգիներս ալեկոծված են։ Ու մենք փորձում ենք օգնել, այո, քիչ ենք փորձում, լավ չենք փորձում, կիսատ ենք փորձում և վաղուց արդեն ոչ թե փորձելու՝ այլ հաջողելու ժամանակն է։

Պատվազրկված ազգի ներկայացուցչի կարգավիճակից ոչ մի տեղ չենք փախնի, այդ դարդից հնարավոր չէ թաքնվել ո՛չ Կասկադի սրճարաններում, ո՛չ Եգիպտոսի կամ Վրաստանի լողափներում, ո՛չ Մոսկվայում ասֆալտ փռելով, ո՛չ Կալիֆորնիայում վարկով լավ մեքենա քշելով, ո՛չ եվրոպաներում սոցիալի վրա հույս դնելով։ Ոչ մի տեղ՝ ո՛չ Կարմիր հրապարակում, ո՛չ Սպիտակ տանը, ո՛չ Ելիսեյան պալատում հայի թասիբի, հայի ամոթի, հայի խղճի, հայի հայ մնալու հարցը չի լուծվելու։ Այսօր այն լուծվում է Արցախի հոսանքազրկված օջախներում, որտեղ մարդիկ կիսում են հերթերի մեջ վաստակած հացը, որտեղ ուշիմ արցախցի փոքրիկները, անկախ հանգամանքներից, պատրաստվում են ուսումնական տարվան, որտեղ ապրում են պատվախնդիր մարդիկ։ Այսպես ասած՝ քաղաքակիրթ աշխարհը կկարեկցի, կցավա, կհորդորի, կդատապարտի, կպահանջի, կոչ կանի, կահազանգի, անգամ միջազգային դատարանի որոշում կկայացնի, բայց մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծի։

Դատարանի որոշումը կյանքի կոչով ԴԱՀԿ չի դառնա, որովհետև մեզ կարեկցում են, բայց չեն հարգում, մեզ ժպտում են, բայց ընդունում, օգտագործում են և դեն շպրտում, քանզի «ասա՝ ով է ղեկավարդ, ասեմ՝ ով ես դու» հարցի պատասխանն ամոթալի է, անպատվաբեր, ստորացուցիչ։ Մաքսիմում, ինչ կարող է անել, արժեքները և հումանիզմը արձակուրդ ուղարկած աշխարհը Արցախի ժողովրդի հերուսությունները հավերժացնող մի նոր վեպ գրելն է։ 32 տարի առաջ Արցախի ժողովուրդն ամրագրեց, որ սեփական հայրենիքում, սեփական ձեռքերով, սեփական ճակատագիրը տնօրինելու իր իրավունքը ոչ թե լիքը փորի, այլ մեծ սրտի հարց է, և այսօր, անգամ ահագնացող հումանիտար աղետի ճիրաններում, հայ ժողովուրդը վերահաստատում է՝ Արցախը հարցի հարց չէ, պատվի հարց է, կշտանալու հարց չէ, պայքարելու հարց է։ Ոչ թե ներկան մեղմելու, այլ ապագա ունենալու հարց է։ Իմ, ձեր, բոլոր հայերի հարցն է։

Ոմանք կասեն՝ բավական է խոսել և մասամբ ճիշտ կլինեն, քանի այլևս անհնար է դիմանալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո երկրում տիրող անարդարությանը, սողացող դավադրությանը, Նիկոլ-Ալիև զույգի սահուն փոխանցումներով իրականացվող հայրենազրկմանը։ Ավաղ, մեր հայրենիքը ծանր վիրավոր է, իսկ բժշկությունից հայտնի է, որ ծանր վիրավորի հետ մինչև բուժկետ հասնելը պետք է խոսել, որ նա չկորցնի գիտակցությունը, որ նրա ուշքը չգնա, որ նա շարունակի կռիվ տալ կյանքի համար։ Այսօրվա հավաքը վիրավոր հայրենիքի հետ հենց այդպիսի զրույց է, որ նա մեզ հետ մնա, չփակի աչքերը, չհուսահատվի, մերը մնա։ Իսկ մենք էլ ազգովի պարտավոր ենք վերջապես բուժել ծանր վիրավորին։

Նիկոլը տիպիկ հռոմեական ստրուկ է, որն իր դրսի տերերի հնազանդ ծառան է, ով երազում է, ոչ թե ազատության, այլ սեփական ստրուկներ ունենալու մասին և համառ ջանասիրությամբ փորձում է հայ հասարակությունից ստրուկներ կերտել՝ պաշտոն, լռության դիմաց, լափ` լռության դիմաց, ասֆալտ`լռության դիմաց, պարգևավճար`լռության դիմաց, ազատություն` լռության դիմաց սկզբունքով։ 3 տարի է, ինչ մեզ համոզում են, քարոզում են, պարտադրում են՝ սու՛ս, Հայաստան, իսկ մենք լռելու իրավունք չունենք, ուստի՝ Նուբարաշենի մենախցից միացնում եմ իմ ձայնը ձեր գոռոցին, գոչին, աղաղակին և ներվին։ SOS Արցախ։

ՀՀԿ փոխնախագահ

Արմեն Աշոտյան,

Նուբարաշեն ՔԿՀ,

02092023»։

News.am