«ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ․ ԱՐՑԱԽԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Մենք՝ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիայի ընդլայնված նիստի մասնակիցներս, մեր անհամաձայնությունն ենք արտահայտում Հայաստանի իշխանությունների վարած գծի վերաբերյալ, որը, հասարակության մեջ բաժանարար գծեր ներդնելով, արժեզրկելով մտավորականությանը, եկեղեցին, մեր ավանդույթներն ու արժեհամակարգը, տանում է մեր ինքնության և պետականության կորստին:

Համարում ենք, որ հակառուսական արտահայտությունները և գնահատականները, որոնք տեղ են գտել ՀՀ վարչապետի՝ իտալական La Repubblica պարբերականին վերջերս տրված հարցազրույցում, վնաս են հասցնում ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, որոնք ձևավորվել և պահպանվել են դարերի ընթացքում, այլև խարխլում են տարածաշրջանային անվտանգության հիմքերը՝ վտանգելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների կյանքն ու բարեկեցությունը:

Այսպես կոչված՝ «խաղաղության օրակարգը», որով քողարկվում է Փաշինյանի կառավարությունը, և հանուն որի փաստացի զոհաբերվում են մեր 120 000 հայրենակիցները, արդեն բերել է Արցախի հումանիտար ճգնաժամի՝ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում անդրկուլիսյան ճանաչման արդյունքում: Դա բերելու է հայերիս համար ցավալի ու ստորացուցիչ նոր զիջումների: Դրա վառ արտահայտությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ պարբերական ոտնձգությունների անպատժելիությունն է, հայ զինվորականների զոհվելը և այլն:

Արցախը բոլոր հայերի հայրենիքն է՝ որտեղ էլ որ նրանք բնակվեն: Արցախի ճակատագիրը որոշելիս՝ իշխանությունը պարտավոր է հավատարիմ մնալ ՀՀ Անկախության հռչակագրին և ՀՀ Սահմանադրությանը, որոնք արտացոլում են 10 միլիոնանոց հայ ժողովրդի կարծիքն ու միասնական կամքը: Դրա փոխարեն, Հայաստանի այսօրվա ղեկավարներից մեկը սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրվա առիթով իր ելույթում, նույնիսկ չհիշատակեց Արցախի կարգավիճակի, նրա ժողովրդի ինքնորոշման կամ հանուն փրկության անջատման իրավունքի մասին:

Ընտրություններում ստացած ոչ մի քվե, որին հղում են անում գործող իշխանությունները, նրանց իրավունք չի տալիս Հայաստանի և Արցախի համար ճակատագրական հարցերի վերաբերյալ անդրկուլիսային բանակցություններ վարել: Առավել ևս, որ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ընտրությունների ժամանակ գտնվում են այլ երկրներում, աշխատում և այնտեղից ամենայն օժանդակություն են ցուցաբերում իրենց ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, օբյեկտիվորեն հնարավորություն չունեն քվեարկության օրը գալ Հայաստան, զրկված են կամարտահայտության իրենց իրավունքից և հայտնվել են ձայնի իրավունքի փաստացի սահմանափակման մեջ (ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 56 հոդվածի):

Հայրենիքից հեռու գտնվելով՝ մենք ապրում և շնչում ենք Հայաստանի հոգսերով ու ձգտումներով, ուշադիր հետևում ենք այնտեղ կատարվող իրադարձություններին, մասնավորապես՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավին, թեկնածուներին, նրանց մոտեցումներին և ծրագրերին, պոտենցիալ հնարավորություններին:

Կոչով դիմում ենք մեր հայրենակիցներին, ծանոթներին և բարեկամներին, ովքեր ապրում են Երևանում՝ ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրությունների քվեարկությանը և իրենց ձայնը տալ «Մայր Հայաստան» դաշինքին, որը ղեկավարում է Անդրանիկ Թևանյանը, մարդ, ով սիրում է իր հայրենիքը և նրա մայրաքաղաքը՝ Երևանը:

Մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին՝ կոչ անելով Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել և վերադարձնել համապետական ընտրությունների քվեարկության ժամանակ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների կամարտահայտության իրավունքը: Ընտրությունները՝ որպես քաղաքացիների կամարտահայտության միակ լեգիտիմ մեխանիզմ և իշխանության աղբյուր, պետք է անցնեն բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի իրացման պայմաններում: Հակառակ դեպքում ընտրությունները չեն կարող համարվել ամբողջովին ժողովրդավարական, արդար և թափանցիկ, եթե նույնիսկ դրանց ընթացքում խախտումներ չեն արձանագրվել:

7Or.am