Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՄԵԾ Է ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ։

Ի՞նչ է պետք իմանալ՝ երեք կետով։

- Այս պահին թուրք-ադրբեջանական նախապատրաստվող լայնամասշտաբ հարձակման մասին են վկայում ռազմական տեխնիկայի և զորքի ահռելի կուտակումները Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզի սահմանների երկայնքով, գրեթե ամենօրյա դարձած կրակոցները, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը և քարոզչական նախապատրաստությունը, Ադրբեջանում պահեստազորի հավաքը և այլն։

- Եթե հարձակումը լինի, ապա այս անգամ այն լինելու է նաև Նախիջևանի կողմից՝ թիրախավորելով Երասխից մինչև Սյունիքի հարավային ծայրամաս ընկած հատվածը։ Ակնհայտ է, որ այդ ուղղությամբ թշնամին մեծ նախապատրաստություն է տեսնում։ Հնարավոր է, որ այս հարցում Թուրքիան ներգրավված լինի ոչ միայն համակարգողի դերում, այլև ուղիղ (քողարկված) մասնակցի կրակին։

- Հարձակման դեպքում թուրք-ադրբեջանական զորքերի առջև խնդիր է դրված լինելու ոչ միայն Հայաստանում լիարժեք պանիկա ստեղծել և դրդել անվերապահ հանձնվելուն՝ բոլոր պայմաններով (ինչին պատրաստ սպասում են ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը՝ անհրաժեշտ նոր զիջումներն անելու համար), այլև փորձ է լինելու կտրել Հայաստանի Հանրապետության հյուսիսը հարավից։ Խոսքը Ջերմուկ-Վայք գծով այս պահին ՀՀ ամենաբարակ հատվածի մասին է, որի լայնությունը չի գերազանցում 30 կմ-ն (տե՛ս կից քարտեզը)։ Այդպիսի հեռավորությունը կտրելու համար Թուրքիայի և Ադրբեջանի զորքերին անհրաժեշտ է մի քանի ժամ։

Ավելորդ է ասել, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ոչ միայն կարողություն, այլև ցանկություն չունեն դիմադրելու այս սպառնալիքին։ Իսկ այս ծրագրի հաջողության դեպքում Հայաստանի պետությունը փաստացի կդադարի գոյություն ունենալ։

Սակայն Հայաստանը դատապարտված չէ, և կա հնարավորություն սրա դեմն առնելու։ Դրա համար առաջին անհրաժեշտ քայլը ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հեռացումն է։ Միայն այս պարագայում մեր բոլորի գործադրած ջանքերը՝ խրամատից մինչև տեղեկատվական դաշտ, կլինեն արդյունավետ։ Մնացածը՝ ինքնախաբեություն է։

Վարուժան Գեղամյան, Ֆեյսբուքյան էջ