ՌԴ-Ն ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԼՔԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ. ՊԵՍԿՈՎԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Ռուսաստանը չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` անդրադառնալով ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին։
Վերջինս օրեր առաջ իտալական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մի օր կարող ենք արթնանալ և տեսնել, որ ՌԴ–ն լքել է Հարավային Կովկասը։
Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, բայց չի կարելի համաձայնել այն թեզերի հետ, թե ռուս խաղաղապահները ձախողել են առաքելությունը։
«Մենք խորապես հարգում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գնահատում նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև աշխատանքային և շատ կառուցողական հարաբերությունները։ Հույս ունենք, որ այդ հարաբերությունները հետագայում էլ կմնան 2 երկրի սերտ փոխգործակցության գրավականը։ Պարոն վարչապետի այս թեզերի հետ մենք չենք կարող համաձայնել։ Ռուսաստանը այս տարածաշրջանի բացարձակ անբաժանելի մասն է, ուստի ոչ մի տեղ չի գնալու։ Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»,– լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը կոչ է արել չմոռանալ, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում, և նրանց մեծ մասը ՌԴ հայրենասեր քաղաքացիներ են ու մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում։
Պեսկովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է կատարել Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխավորի դերը և չի պատրաստվում դադարեցնել իր առաքելությունը։
«Ռուսաստանը շարունակում է հետևողական և շատ կարևոր դեր խաղալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։ Ռուսաստանը չի գնում և պատրաստվում այստեղից որևէ տեղ գնալ»,– ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ տվյալ դեպքում շատ կարևոր է տարածաշրջանի բոլոր պետությունների հավատարմությունը 2 տարի առաջ կնքված եռակողմ պայմանավորվածություններին։
«Հենց այդ պայմանավորվածությունների դրույթներին հետևելն է հաջողության գրավականը։ Անշուշտ, դրանից հետո նոր իրադարձություններ տեղի ունեցան, որոնք մի փոքր փոխեցին իրավիճակը։ Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ–որ կերպ դադարեցնել իր գործունեությունը։ Ռուսաստանը շարունակում է անվտանգության երաշխավորի դեր խաղալ»,– հավելել է Պեսկովը։
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ չպետք է մոռանալ նաև այն ներդրման մասին, որը Ռուսաստանը արել է Հայաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներում։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ գործընթացները մեծապես նպաստել են նրան, որ անցած տարվա ընթացքում Հայաստանը դարձել Է «զարգացման տեմպերով ԱՊՀ չեմպիոն»: