Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՀՀ ԴԵ-ՖԱԿՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԱԹՈՌԸ

Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի դե-ֆակտո վարչապետի փարիսեցիական հայտարարությունները հայ-ռուսական «աննախադեպ» հարաբերությունների մասին իրենց տխրահռչակ ավարտին հասան նշված անձի՝ իտալական «La Reppublica» պարբերականին տրված հարցազրույցով։

Դա իրենց վարած հակառուսական պատերազմի հրետանային նախապատրաստությունն էր, որից հաջորդեց դե-ֆակտո հանրային հեռուստատեսությամբ հակառուսական «հետևակի» գրոհը, իսկ այս ամենի բարձրակետը եղավ մի ինքնակոչ «ՆԱՏՕ-ական պաշտոնյայի» հրապարակավ կոչ հրավերը՝ «Նիկոլ Փաշինյա՛ն, կոչ եմ անում Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին: ԱՄՆ նախագահ, պահպանե՛ք Հայաստանը»։

Սա ՆԱՏՕ-ի և վերջինիս հանգուցային խաղացող Թուրքիայի կողմից ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ձեռքով Ռուսաստանին և Իրանին տարածաշրջանից քշելու, տարածաշրջանն ամբողջությամբ թուրքական «աութսորսի» հանձնելու մեծ ռազմագործողության հերթական արարն է, որ արագ տեմպերով մոտենում է վերջնանպատակին՝ Արցախի համար նշանակելով վերջնական կործանում, իսկ Հայաստանի համար՝ «կործանումից հինգ պակաս»։ Սրանով պարզ է դառնում այն ողջ ջանասիրությունը, որով Թուրքիայի իշխանությունները սատարել և սատարում են ՀՀ դե-ֆակտո իշխանություններին՝ պահպանելու իրենց աթոռը»։

Aysor.am