Աբբաս ՋՈՒՄԱ․ ԹԵՀՐԱՆՆ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՀԱՐՑՈՒՄ ՀՈՒՅՍԸ ԴՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի միջև ակտիվորեն զարգացող հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական և տնտեսական, կարծում եմ, որ Թեհրանը հույսը դնում է Մոսկվայի աջակցության վրա նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է միջազգային լրագրող Աբբաս Ջուման։

«Այլ հարց է, թե Ռուսաստանը կոնկրետ ինչպես կմասնակցի և կմասնակցի արդյոք այս խնդրի կարգավորմանը։ Թե կոնկրետ ինչ է պատրաստ Մոսկվան անել այս հակամարտությունը ինչ-որ կերպ կարգավորելու համար, այնքան էլ պարզ չէ։ Կողմերը շատ սկզբունքային են տրամադրված՝ և՛ թուրքական, և՛ իրանական կողմը։ Ստեղծվել է երկու ճամբար՝ մի կողմից՝ Թուրքիան ու Ադրբեջանը, մյուս կողմից՝ Իրանն ու Հայաստանը։

Իրանն ասում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ է և գոյությանը՝ սպառնալիք։ Դա այդպես է նաև հայերի համար։ Սակայն Թուրքիան և Ադրբեջանը դեռ ասում են, որ դա կանեն՝ չնայած Իրանի և Հայաստանի հակազդեցությանը։ Թե ինչպես իրեն կպահի Մոսկվան այս իրավիճակում, դեռ դժվար է ասել։

Դժվար է գնահատել Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում, քանի որ նա այլ մտահոգություններ ու խնդիրներ ունի, դրանք կապված են ուկրաինական ուղղության հետ»,- ասել է Ջուման։

Հիշեցնենք, որ Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի «հրատապ» բացման հետ։

News.am