ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՊԻՏ ՍԽԱԼՆԵՐ ԵՆ ԱՐՎԵԼ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. ՆԱԽԿԻՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՆՇՈՒՄ Է ԵԼՔԸ

Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը և ԼՂ բնակչությանը սովամահ անելու Ադրբեջանի փորձերը պետք է ստիպեն Հայաստանի ղեկավարությանը վերանայել ներկայիս քաղաքական կուրսը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ կուսակցության անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախկին ղեկավար և Սանկտ Պետերբուրգում նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը։

Նա կարծում է, որ հայկական դիվանագիտությունը վերջին շրջանում մի շարք կոպտագույն սխալներ է թույլ տվել։ Մասնավորապես, առանց ապահովելու ԼՂ անվտանգության և ինքնորոշման խնդիրը կամ խնդրի բարձրացումը միջազգային ատյաններում, Հայաստանի ղեկավարությունը ՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին:

«Դա չափազանց կոպիտ սխալ է։ Դիվանագիտության օրենքն է` բանակցությունների ընթացքում պետք է որևէ բան պահանջես որևէ բանի դիմաց, ոչ թե նախօրոք զիջես` հետո ասելով, թե տեսեք` դիմացինը քայլեր չի ձեռնարկում մեր պահանջների ուղղությամբ»,–ասաց Կարապետյանը։

Նրա դիտարկմամբ` այն քաղաքականությունը, որը վարում է պաշտոնական Երևանը, դրանով է պայմանավորում նրա գործընկերների, այդ թվում ՝ ռազմավարական դաշնակիցների գործողությունների կարգն ու բնույթը։ Հենց այդ պատճառով, երբ խոսվում է գործընկերների և դաշնակիցների կողմից օգնության մասին, ապա պետք է առաջին հերթին պատասխանել այն հարցին, թե ինչ է արել ինքը՝ Հայաստանը։

«Լեռնային Ղարաբաղի ճանաչումն Ադրբեջանի կազմում դարձել է այն բոլոր դժբախտությունների ու խնդիրների արմատը, որոնց այժմ բախվել են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։ Հայկական կողմի գործողությունները կանխորոշեցին դաշնակիցների, առաջին հերթին ՝ Ռուսաստանի վերաբերմունքը, որը չի թաքցնում և հայտարարում է, որ Հայաստանի ղեկավարության որոշումների պատճառով չի կարող կատարել իր առաքելությունը», - հավելեց նա։

Նախկին գլխավոր հյուպատոսի խոսքով ՝ եթե անգամ Մոսկվայի բացատրություններն ընդամենը իր անգործությունն արդարացնելու փորձ են, ապա Երևանն իր չմտածված որոշումներով նման արդարացումների առիթ չպետք է տար:

Անդրադառնալով Փաշինյանի Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ արված աղմկահարույց հայտարարություններին` Կարապետյանը նշեց, որ պետք է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հրաժարվել գործողություններից և հռետորաբանությունից, որոնք միայն հանգեցնում են այդ հարաբերությունների սառեցմանը:

«Հայաստանը պետք է հասկանա, որ Ռուսաստանի հեռանալը Հայաստանից և ընդհանրապես Հարավային Կովկասից կհանգեցնի Հայաստանի թրքացմանը»,–հավելեց նա ։

ՀՅԴ ներկայացուցիչը նաև դատարկ հույսեր է համարում Լեռնային Ղարաբաղ միջազգային խաղաղապահ առաքելություն մտցնելու մասին խոսակցությունները: Կա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որը ստորագրվել է երեք երկրների կողմից։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ չորրորդ երկրի միջամտությունն արմատապես կփոխի իրավիճակը։

«Վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը ցույց տվեց, որ բացի հայտարարություններից և լոզունգային մոտեցումներից, որևէ ռեալ գործողություն չկա այսօր որևէ միջազգային կառույցի կողմից և առավել ևս որևէ գերտերության կողմից։ Այո, հումանիտար օգնություն, մարդասիրական կոչեր ու քայլեր կարող են լինել, ինչպես եղավ Ֆրանսիայի պարագայում, բայց դրանից այն կողմ չի անցնում գործը։ Եվ նույնիսկ Ադրբեջանի նկատմամբ որևէ երկիր այսօր որևէ պատժամիջոց չի կիրառել և չի էլ կիրառելու»,–նկատեց Կարապետյանը։

Արևմուտքի նման պասիվությունը Կարապետյանը կապում է ադրբեջանական էներգառեսուրսների հետ։ Ձմեռը սարերի հետևում չէ, և ակնկալել, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն Եվրոպայի էներգետիկ կարիքների ֆոնին, առնվազն միամտություն է։

Քաղաքական գործիչը կոչ է անում Հայաստանի իշխանություններին փոխել ներկայիս քաղաքական կուրսը` հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը նրա կազմում ճանաչելուց հետո Ադրբեջանից իրենց սպասելիքները չեն արդարացել: Պետք է նշել, որ այս ճանաչումից հետո Ադրբեջանը սկսեց իրեն ավելի ագրեսիվ պահել` շրջափակել Լեռնային Ղարաբաղը և 120 բնակչությանը պահել սովի մեջ։ Հաջորդ քայլը պետք է լինի Ղարաբաղի հայերի ինքնորոշման միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը, Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ճանաչումից հրաժարվելը։

Կարապետյանը նման դիվանագիտական շրջադարձը համարում է ներկա իրավիճակից դուրս գալու միակ ելքը։ Հայաստանի ղեկավարության վերջին որոշ հայտարարություններում նուրբ ակնարկներ են զգացվում, սակայն նման երկչոտ ակնարկներն ակնհայտորեն բավարար չեն։

Sputnik Արմենիա