Սերժ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ․ ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ՉԵՆ ԲԵՐՈՒՄ, ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՂՄՈՒԿ ԿԲԱՐՁՐԱՆԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հատկապես այն գրողները, որոնց ստեղծագործություններում հայկականությունն առավելապես է արտահայտված, կրթական նոր չափորոշիչներով, դուրս են մղվել «Հայ գրականություն» առարկայի նորաստեղծ դասագրքից:

 

Alpha News-ի հետ զրույցում գրականագետ Սերժ Սրապիոնյանը խոսելով կրթական նոր չափորոշիչներից, նշել է, որ դրանց բովանդակությունը տեսնելով, այլևս ցանկություն չի ունեցել ծանոթանալու դասագրքին:

Գրականագետի խոսքով այն գրողները, որոնց ստեղծագործություններում գրեթե հրապարակախոսի ճշգրտությամբ ներկայացվում է երկիրը, ազգն ու ազգային խնդիրները, դասագրքում բացակայում են:

«Րաֆֆի, Շիրվանզադե՝ թողնված է ընդամենը մեկ ստեղծագործություն, անգամ «Քաոսը»-չկա: Թումանյանի առանձին ստեղծագործություններ, Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուն… թվարկումը կարելի է շարունակել»,- արձանագրում է գրականագետը:

Նա նշում է, որ առանց ողջամիտ բացատրությունների՝ դասագրքում ներառված չէ նաև միջնադարի շրջանի գրականությունը, առանց որի, հայ գրականություն լինել չի կարող, մինչդեռ միջնադարում այդպիսի գրականություն ունեցող ցանկացած ազգ պարծանք կապրեր:

«Ասում են, թե երեխաները չեն ընկալում, Նարեկացի չեն հասկանա, Խորենացի չեն հասկանա, մոռանալով, որ Խորհրդային տարիների դպրոցներում յոթ տասնամյակ շարունակ, երեխաները դա լավ էլ հասկանում էին, անգիր հիշում էին Հայկի և Բելի առասպելը»,- նշում է գրականագետը և ընդգծում՝ այդ ամենը խորհրդային գաղափարախոսական պարտադրանքի պայմաններում:

Սերժ Սրապիոնյանը անգամ կասկածներ ունի, թե դասագրքերի մի մասը մինչ այսօր հրատարակված չեն և այդ պատճառով չեն հասել դպրոցներին: Համոզված է՝ նոր դասագրքերը չեն բերում, վախենալով, որ դրանց բովանդակության պատճառով մեծ աղմուկ է բարձրանալու:
«Հայ գրականություն» առարկայի նոր դասագրքի համահեղինակը Սերժ Սրապիոնյանի նախկին ուսանողն է: Գրականագետն ընդգծում է՝ իր ուսանողը ոչ մի անգամ չլինելով դպրոցում, որոշել է, թե կարող է դասագիրք հեղինակել:

«Ինքս երեք տարի դասավանդել եմ աշակերտներին, զուգահեռ զբաղվելով դասախոսությամբ, եթե ինձ ասեն՝ դասագիրք գրի, ես համարձակություն չեմ ունենա նման բան անել»,-ասում է Սրապիոնյանը:

Նա կոչ է անում ուսուցիչներին՝ ավելի համարձակ լինել: Հիշեցնում, որ նախկին իշխանությունների օրոք ոչ ոք չէր վախենում այս կամ այն մարդու հեղինակած դասագիրքը քննադատելուց, իսկ հիմա ակնհայտ վախենում են:

«Հիմա ցանկացած ուսուցիչ, եթե խոսեց այդ դասագրքերի անընդունելիության մասին, հաշվե՛ք՝ աշխատանքից զրկված է»,- արձանագրում է նա՝ շարունակելով.- «Այս դասագրքերը պետք է համարել խոտան և լցնել աղբարկղը, ստեղծել գիտակ մարդկանցից հանձնախմբեր՝ տարբեր առարկաների գծով, կազմել դասագրքեր, դրանք ներկայացնել ուսուցչական հանրությանը՝ գնահատանքի համար: Երբ կստացվի դրական գնահատական, նոր միայն այդ դասագրքերը պիտի տպագրիվեն և ներկայացվեն դպրոց»:

Alpha News