Յարոն ՎԱՅՍ․ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՄ ՐԱԲԲԻՆԵՐԻ ԱՅՍ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՀՈԼՈՔՈՍՏԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՑԻՆԻԿ ՅՈՒՐԱՑՈՒՄԸ
Որպես Հոլոքոստը վերապրածների թոռ, գրեթե ամբողջությամբ ոչնչացված ընտանիքի ներկայացուցիչ, ես դատապարտում եմ րաբբիների այս խմբի կողմից Հոլոքոստի զոհերի հիշատակի ցինիկ յուրացումը: Alpha News-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ակտիվիստ և վերլուծաբան Յարոն Վայսը:
«Մեր ժողովրդի ողբերգությունը պետք է սովորեցներ րաբբիների այս խմբին աջակցել վտանգի տակ գտնվող այլ ժողովուրդներին: Ադրբեջանի կառավարությունը խախտում է ստորագրած համաձայնագրերը և սովամահ է անում 120 000 հայ բնակչության (30 000 երեխա ներառյալ)՝ Արցախի հայ բնակչությանը ոչնչացնելու մտադրությամբ»,- ասել է Յարոն Վայսը:
Նա ցավում է, որ Եվրոպայի րաբբիական համաժողովը որոշել է հաջորդ տարվա նոյմբերին համաժողով անցկացնել Ադրբեջանում. «Ցավալի է, որ Եվրոպայի րաբբիական համաժողովը որոշել է հաջորդ տարվա նոյմբերին համաժողով անցկացնել Ադրբեջանում, մի երկրում, որը հայտնի է որպես մարդու իրավունքների խախտող, որը մամուլի ազատության ինդեքսում 180-ից զբաղեցնում է 168-րդ տեղը, հետապնդում է ԼԳԲՏ անձանց, վնասում է կրոնական ազատությանը, ներգրավված է պատերազմական հանցագործություններում և այժմ շրջափակման և սովի քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության նկատմամբ:
Կարևոր է նշել, որ րաբբիների այս համաժողովն անցկացվում է այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է դատապարտել և ներողություն խնդրել Հոլոքոստի ժամանակ ադրբեջանական լեգեոնի զինվորների կողմից իրականացված զանգվածային սպանությունների համար: Ցավալի է, որ րաբբիների նույն խումբն իր նամակում չի դատապարտել պատմության ամենամութ շրջանում ադրբեջանական լեգեոնի կողմից իրականացված հանցագործությունները»,- նշել է Alpha News-ի զրուցակիցը:
Յարոն Վայսը նաև փաստել է, որ րաբբիական համաժողովը խուսափում է դատապարտել էթնիկ փոքրամասնությունների և այլ կրոնների ներկայացուցիչների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների շարունակական խտրական վերաբերմունքը: