Արցախի ԱԳՆ․ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՄՆ-Ի ԲԱԶՄԱԹԻՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐԱԾՎԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ
Արցախի ԱԳՆ մեկնաբանություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումների կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնաբանությունում նշվում է, որ Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի արգելափակման վերաբերյալ արտակարգ լսումների անցկացումը: «Բարձր ենք գնահատում Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահներ՝ Կոնգրեսականներ Սմիթի և ՄակԳովերնի ակտիվ ջանքերը՝ Արցախում ստեղծված մարդասիրական աղետը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ։
Կարևորում ենք, որ լսումների ընթացքում բանախոսների կողմից Ադրբեջանի գործողություններին տրվել է հստակ իրավական և քաղաքական գնահատական՝ դրանք բնորոշելով որպես Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանություն: Այս համատեքստում բանախոսները կոչ են արել ԱՄՆ իշխանություններին անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Արցախի ԱԳՆ-ն ակնկալում է, որ ԱՄՆ-ի և մյուս միջազգային դերակատարների կողմից արված բազմաթիվ դատապարտող հայտարարությունները կվերածվեն գործնական քայլերի՝ պարտադրելով Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն ու վերականգնել միջանցքի գործունեության ռեժիմը՝ համապատասխան 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների:
Գերատեսչությունը հավելում է, որ ցեղասպանության կանխարգելումը միջազգային հանրության բոլոր անդամների ինչպես անհատական, այնպես և հավաքական պարտավորությունն է, ինչը ենթադրում է հստակ և գործուն քայլերի ձեռնարկում։ Համոզմունք է հայտնվել, որ Արցախում ցեղասպանության կանխումն անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի անպատժելիությունը վերացնելու, այլև մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունն աշխարհի այլ անկյուններում բացառելու համար: