Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ 95 ՏՈԿՈՍՆ Է ԸՆԴԴԻՄԱԽՈՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր շատ կարևոր է, որ անցկացնենք նոր նախագահի ընտրությունները և շարունակենք Արցախի պետականության կառուցման ճանապարհը. ես վստահ եմ, որ արցախցիները ցույց կտան, որ իրենք շատ պետականամետ են և կանեն ամեն ինչ, որ բախում չլինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Արցախի ԱԺ-ն երկրի նոր նախագահ է ընտրելու:
Վարդանյանն ընդգծեց, որ պատրաստ են համագործակցել Արցախի նոր ընտրվող նախագահի հետ, պատրաստ են նաև բանավեճերի. «Նորմալ է, որ լինեն տարբեր կարծիքներ, գլխավորը, որ դա լինի համակարգային, հետևողական, թափանցիկ, հայրենասիրական և մարդկանց մոտ բերի հավատ: Ես վստահ եմ, որ եթե այդ ուղղությամբ նոր ընտրված նախագահը գործի, ամեն ինչ նորմալ է լինելու: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ ծանր բեռ է իր վրա վերցնում նոր ընտրված նախագահը, մենք բոլորս պետք է անենք, որ նա հաջողի, որովհետև դա Արցախի հաջողությունն է լինելու: Վստահ եմ, որ կունենանք նոր իրավիճակ, երբ ներսում կլինի ուժերի կոնսոլիդացիա, կլինի իսկապես հավատի ու վստահության լավ մթնոլորտ»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականին, Ռուբեն Վարդանյանն ասաց. «Մենք երբեք ճնշում չենք գործադրել Արցախի նախագահի վրա, որ հրաժարական տա, դա սուտ է: Մեր պահանջը եղել է, որ Արցախի նախագահի դիրքորոշումը լինի հստակ, ոչ թե տատանողական, երկրորդ, մարդիկ պետք է իմանան այդ որոշման հետևանքները և թե ինչպես է դա իրականացվելու և արձագանքեն դրան: Իսկ մեզ համար կարևորը Լաչինի միջանցքի բացումն է, իսկ Աղդամի ճանապարհը չպետք է բացվի»:
Հարցին, եթե Արցախում ձևավորվի վարչակազմ, որն ընդդիմախոսում է Երևանի վարչակազմին, արդյոք որոշակի վտանգներ չեն առաջանա՞:, նա պատասխանեց. «Նախ, Արցախի 95 տոկոսն է ընդդիմախոս Հայաստանի իշխանությանը: Այստեղ կա խորքային խնդիր. Արցախի իշխանությունն ասում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանի իշխանությունն ասում է, որ կարող է լինել»:
Ես պատրաստ եմ աջակցել, որ իշխանությունը որքան հնարավոր է արագ փոխվի Հայաստանում
Այո, մենք, Ռուսաստանին ունենք շատ հարցեր, որոնք Ռուսաստանը չի կատարում, բայց արդյոք մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, թե ոչ, նշեց Ռուբեն Վարդանյանը:
«Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան անել Արցախի հարցի շուրջ և ուզում ենք, որ Ռուսաստանը փոխի իր դիրքորոշումը, ի՞նչ ձևով դա պետք է արվի, որ օգուտ բերի մեզ: Ի վերջո, Արցախում ունենք 2 հազար ռուս զինվոր, և մեզ համար շատ կարևոր է, որ եթե իրավիճակը սրվի, նրանք մեզ պաշտպանեն, ոչ թե մեզ ատեն և մտածեն, որքան հնարավոր է այստեղից շուտ դուրս գալու մասին: Եթե բոլոր կողմերից փորձում են ինձ տարբեր պիտակներ կպցնել՝ Կրեմլի ագենտ, Բրիտանիայի ագենտ, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ագենտ, ուրեմն ես ամեն ինչ ճիշտ եմ անում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն իրեն մեղադրում են Արցախը որպես հարթակ օգտագործելու մեջ՝ Հայաստանում իշխանության գալու համար, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Ես ձգտում եմ, որ մենք փրկենք հայկական աշխարհը կործանումից, փրկենք Հայաստանի և Արցախի պետականությունը: Ես ձգտում եմ, որ անտարբեր չլինենք, թե ինչ է կատարվում Արցախում և Հայաստանում: Ես տեսնում եմ, որ մենք ունենք ճգնաժամ, որը կարող է բերել կործանման և Հայաստանի, և Արցախի, որովհետև մարդիկ, որոնք այսօր իշխում են Հայաստանում, ոչ կոմպետենտ են, չեն հասկանում՝ ինչ են անում, չունեն փորձ ու չեն ուզում սովորել: Իրենք չեն ներգրավում Սփյուռքը, որն ունի շատ բարձր մասնագետներ: Ես վստահ կարող եմ ասել, որ այս իշխանությունը ոչ միայն չգիտեի, թե ինչ պետք է անել, չունի ունակություն դա անելու և չի ուզում սովորել: Իրենք իրենց ոչ մի խոստումը չկատարեցին: Ոչ Սահմանադրությունը փոխեցին, ոչ կարողացան մեր անվտանգությունն ապահովել: 5 տարին բավական էր, որ երևա, որ այսօրվա իշխանությունը ունակություն չունի և չի կարողանում իր վրա վերցրած պարտականությունները կատարել: Այո, ես պատրաստ եմ միանալ բոլոր առողջ ուժերին և աջակցել, որ իշխանությունը որքան հնարավոր է արագ փոխվի Հայաստանում:
News.am-ի նյութերով