Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԱՐՑԱԽՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ ԵՎ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ԱԿՆԱՅՈՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԲԵՌԻ ՄՈՒՏՔԸ

Հաշվի առնելով ադրբեջանցիների` Արցախում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ռուսական առաջարկի մերժումը, որն ուղեկցվել է պայմանների փոփոխությունների նոր պահանջներով, Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը և թույլ չի տվել Ակնայով ՌԴ Կարմիր Խաչի հումանիտար բեռի մուտքն Ասկերան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Ռուսական կողմի համար Արցախի մոտեցումը լիովին ընկալելի է, որովհետև Ադրբեջանը սկզբում ընդունել է ռուսական առաջարկը, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր պահանջներով, ինչով խախտվել է միջնորդության ողջ էությունը:

Ե´վ ՌԴ-ի, և´ ԵՄ-ի, և´ ԱՄՆ-ի համար կարծում եմ ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտմամբ ձախողում է գործընթացը, որպեսզի հիմք նախապատրաստի ուժային օպերացիաների համար:

Որքան ես եմ տեղյակ, այս պահին էլ բանակցություններ են գնում Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու ուղղությամբ, ինչից էլ կախված է, թե հետագա իրադարձությունները ինչ հունով կզարգանան»,- նշել է պատգամավորը:

«Արմենպրես»