Սերգեյ ԼԱՎՐՈՎ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՄՈՍԿՎԱՆ «ՀԱՆՁՆԵԼ Է» ՂԱՐԱԲԱՂԸ, ԿՈՌԵԿՏ ՉԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, կոռեկտ չեն, G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Այնտեղ ինչ-որ գործիչ, կարծես թե, խորհրդարանի ղեկավարը (Հայաստանի - ծնթ ՏԱՍՍ-ի) իրեն թույլ է տվել ասել, որ Ղարաբաղն Ադրբեջանին է տվել Ռուսաստանը։ Ավելի ոչ կոռեկտ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։

Ռուսաստանը ոչ մի լավ բան չի տեսնում Հայաստան-ԱՄՆ զորավարժություններում

Ռուսաստանը ոչ մի լավ բան չի տեսնում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների՝ Անդրկովկաս ներթափանցելու փորձերում,- հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի և Միացյալ Նահանգների «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունները։

«Իհարկե, մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Չեմ կարծում, որ սա լավ է որևէ մեկի, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասել է նախարարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «որտեղ էլ հայտնվեն ամերիկացիները (նրանք հարյուրավոր բազաներ ունեն ամբողջ աշխարհում), դա ոչ մի տեղ լավի չի հանգեցնում»։

«Լավագույն դեպքում նրանք հանգիստ նստում են այնտեղ, բայց շատ հաճախ փորձում են ամեն ինչ իրենց հարմարեցնել, այդ թվում՝ քաղաքական գործընթացները»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանի ղեկավարության նման գործողությունները «ափսոսանք են առաջացնում» Ռուսաստանում։

Հայաստանի վարչապետը փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի մաս է,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։ Այսկերպ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է այն հարցին, որ Հայաստանում Ռուսաստանին մեղադրում են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին «հանձնելու» մեջ։

Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանին որեվէ բանում մեղադրելուց առաջ պետք է գնահատել սեփական արարքները։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հղում է արել այն փաստին, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել են առաջին եռակողմ համաձայնագիրը։

«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Այնտեղ ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և այն ժամանակ երեք առաջնորդներն էլ ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ դեռ պետք է լրացուցիչ բանակցություններ վարվեին։

Բայց երբ ավելի ուշ Պրահայում, որտեղ հրավիրված էին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք երկուսն էլ ստորագրեցին հայտարարություն, որտեղ ասվում էր, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, վերջ, հարցը փակված է։ Հայաստանի վարչապետը փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի կազմում է։ Եվ կարիք չկա մեզ մեղադրելու, թե, իբր, դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին մենք «հանձնել ենք» Ղարաբաղը։ Սեփական ժողովրդին պետք է ինքնուրույն պատասխան տալ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։

Հայկական կողմն է որոշել հետաձգել ՀՀ և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելության թեման

Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում համաձայնեցվել է ՀԱՊԿ առաքելության մանդատը Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին։ Ամեն ինչ հավանության արժանացավ, սակայն առավոտյան հայ գործընկերները որոշեցին հետաձգել այս թեման,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։

«Նախարարների մակարդակով (21 թվականին) մենք համաձայնեցրինք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելության մանդատը։ Ամեն ինչ հավանության արժանացավ, բայց առավոտյան մեր հայ գործընկերները որոշեցին հետաձգել այս թեման»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Նա նաև մեկնաբանել է լրագրողների այն հարցը, թե Հայաստանը սպառնացել է դուրս գալ ՀԱՊԿ-ից։

«Ինչ վերաբերում է նրան, որ սպառնում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, այնտեղ շատ քաղաքական գործիչներ կան, որոնք իրենց թույլ են տալիս բավական ամբարտավան հայտարարություններ անել Ռուսաստանի հասցեին, մենք դա տեսնում ենք։ Դա բոլորովին էլ երեկ չի սկսվել. Մենք հիշում ենք, որ երբ պարոն Փաշինյանը դեռևս իշխանությունում չգտնվող քաղաքական գործիչ էր և ոտքի էր հանում հայ ժողովրդին, նրա կարգախոսներից մեկն այն ժամանակ ՀԱՊԿ-ից և նույնիսկ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին հայտարարությունն էր։ Շատերը դա պայմանավորում էին պարզապես ընտրարշավով, ձայների համար պայքարով։ Հետագայում պարոն Փաշինյանը նման մտքեր չի արտահայտել, այդ թվում՝ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»,- նշեց նա։

Սերգեյ Լավրովը խոսել է նաև Հայաստանի՝ վերջին շրջանում ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու մասին։

«Հայ-ամերիկյան զորավարժություններն առավել տարօրինակ են թվում, քանի որ արդեն երկու տարի է, ինչ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց՝ բացատրելով, որ եթե ՀԱՊԿ-ը դատապարտեր Ադրբեջանին, ապա Հայաստանը կսկսեր աշխատել ՀԱՊԿ-ի հետ։

Իսկ երբ հարցնում ենք, թե ինչու եք շփվում ամերիկացիների և եվրոպացիների հետ, որոնք չեն դատապարտում Ադրբեջանին, նրանք ասում են. «Դե, նրանք մեր դաշնակիցները չեն, ուրեմն դուք պետք է դատապարտեք»։ Ահա, այսպիսի, բավականին տարօրինակ տրամաբանություն։ Բայց ես հուսով եմ, որ բոլոր դաշնակցային պարտավորությունները, որոնք կան մեր միջև, և մենք դրանք կարևորում ենք, դրանք, այնուամենայնիվ, ազդեցություն կունենան և կգերակայեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է նա։

News.am-ի նյութերով