ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՈՐՈՇՈՂԸ ԵՐևԱՆՑՈՒ ՔՎԵՆ Է ԼԻՆԵԼՈՒ

2018 թվականին, ըստ էության, փլուզվեց ՀՀ քաղաքական դաշտը: Ավելի պարզ ասած՝ գաղափարազուրկ, ինչ-որ տեղ կեղծ ընդդիմություն խաղացող կուսակցությունները, որոնք շարունակաբար մասնակցում էին ընտրակեղծիքներով ու կաշառատվությամբ անցնող ընտրություններին, 2018-ին կնքեցին իրենց մահկանացուն:

Այնուհետև եկան 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, և իշխող քաղաքական ուժը՝ ՔՊ-ն, այն է՝ պարտության կուսակցությունը, ընտրություններին մասնակցեց խաղաղության խոստումներով: Դաժան պատերազմի արհավիրքից նոր դուրս եկած մարդիկ հավատացին կամ ցանկացան հավատալ, որ կմտնեն խաղաղության դարաշրջան՝ փույթ չէ, թե առանց Արցախի, և իրենց ձայնը տվեցին ՔՊ-ին: Մանավանդ որ, այլընտրանքը բավականաչափ վարկաբեկված և, նրանց կարծիքով, պարտության հետ չհաշտվող, ռևանշիստական նկրտումներ ունեցող պաշտոնական ընդդիմությունն էր, որը կարող էր նոր պատերազմի տանել երկիրը՝ մեզ համար նոր աղետալի հետևանքներով:

Կյանքը ճիշտ հակառակը ցույց տվեց՝ ՔՊ-ի խոստացած խաղաղության ծրագրահենքն (պլատֆորմ) իրականում հանգեցրեց սողացող պատերազմի, որի վերջը չի երևում: 2020-ի սեպտեմբերին սկսած պատերազմն արդեն երեք տարի շարունակվում է, թշնամին մտադիր չէ կանգ առնել, և նրա պահանջներն անսպառ են: Սա հանրության մեջ խոր հիասթափություն ու շփոթմունք է առաջացրել՝ չկան քաղաքական ուժեր, որոնք ողջամիտ այլընտրանք կառաջարկեն:

Եթե չկան այլընտրանքներ՝ նշանակում է չկա քաղաքական համակարգ, այսինքն՝ չկա իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների ամբողջականություն կամ, ճարտարապետական եզրույթով ասած, կուռ համակառույց, որը կառաջարկի ապագայի այլընտրանքային նախագծեր, հանրությունն էլ ընտրությունների ժամանակ ընտրություն կկատարի այդ նախագծերի միջև: Եթե չկան ապագայի նախագծեր՝ ուրեմն չկա նաև քաղաքական համակարգ:

Հաջորդ խորհրդարանական ընտրություները, եթե չլինեն արտահերթ պայմանակարգով, տեղի են ունենալու 2026 թվականին: Ակնհայտ է, որ գործող կառավարությունն արդեն իսկ վարկաբեկված է և դժվար թե կարողանա իր խղճուկ գոյությունը քարշ տալ ևս 3 տարի: Մենք այդքան տարածք չունենք, որ մինչև 2026-ը մաս-մաս զիջենք Ադրբեջանին, մենք չունենք այդքան մարդկային ռեսուրս, որ մինչև 2026-ը դնենք զոհասեղանին:

Ուրեմն՝ ի՞նչ կարելի է անել: Այս հարցում հնարավորության պատուհան են մեր առջև բացում սեպտեմբերին տեղի ունենալիք՝ Երևանի ավագանու ընտրությունները: Երևանը Հայաստանի կեսն է, ֆինանսական ու մշակութաբանական առումներով՝ հիմնական կեսը, հետևաբար ինչպիսի ընտրություն կատարեն երևանցիները, այն էլ կարող է վճռական լինել հաջորդ՝ հերթական, իսկ ամենայն հավանականությամբ՝ արտահերթ համապետական ընտրությունների ժամանակ:

Այս իմաստով մայրաքաղաքի ավագանու մոտակա ընտրությունները, հնարավոր է, նշանային լինեն, որոնք պետք է նոր քաղաքական հարաբերությունների մեկնարկ դարձնել: Ավելի լավ պատեհություն հազիվ թե ունենանք մինչև տարեվերջ, իսկ միգուցև՝ ավելի երկարաժամկետ կտրվածքով:

Եկել է քաղաքական թարմացումների ժամանակը, և դրանում երևանցիները սեպտեմբերի 17-ին իրենց քվեով վճռական խոսք ունեն ասելու: Ժամանակավրեպ են բոլոր այն կարծրատիպերը, թե «մեզնից ոչինչ կախված չէ», «որոշողներն արդեն որոշել են ամեն ինչ» և այլն: Սա մոլորությունների շարքից է: Որոշողը քո քվեն է լինելու, երևանցի:

Փորձի՛ր:

Acnis.am