Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԴԵՌԵՎՍ ՈՒՇ ՉԷ
Հայտնի ճշմարտություն է այն, որ իրական քաղաքականությունը տողատակերում է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հայտարարության տողատակերից, անձամբ ես հասկանում եմ հետևյալը. եթե պաշտոնական Երևանը, ինչ-որ կերպ, հետ վերցնի, կամ գոնե խմբագրի 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Նիկոլի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ներառյալ Արցախը) ճանաչելու հայտարարությունը, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի կրկին վերադառնալ Արցախի կարգավիճակի հարցին:
Ես կարծում եմ նաև, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը պատճառ կհանդիսանա, որ ԱՄՆ և ԵՄ մի շարք երկրներ ևս վերադառնան Արցախի կարգավիճակը փակված չլինելու հարցին, եթե Նիկոլը հրապարակային բացատրի, որ իրեն ճիշտ չեն հասկացել, կամ որ դա Հայաստանի կողմից չվավերացված և միայն կառավարության ղեկավարի բանավոր հայտարարություն էր:
Ընդ որում, հղում անելով Արցախում ստեղծված հումանիտար աղետի ցեղասպանական հետևանքների վրա` Նիկոլը կարող է ինքը փոխել իր հայտարարությունը, և այն անել այլ կերպ (Վարդան Օսկանյանը ձևակերպել է, թե ինչպես): Ընդ որում դա բացատրելով այն հանգամանքով, որ ակնհայտ են դարձել, որ Ադրբեջանը չի ցանկանում ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները, և պատրաստ չէ միջազգային երաշխիքներով Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը:
Այս թեզի հակառակորդները կասեն, որ դա հղի է պատերազմի վտանգով: Պատասխանը պարզ է. իսկ ինչ է, այսօր չկա՞ պատերազմի վտանգ: Վտանգը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դարձել ինքնուրույն գործոն և հստակ չի կանգնել իր շահերի պաշտպանության գծի վրա: Այսօր գերտերություններին պետք են վստահելի գործընկերներ, ոչ թե խամաճիկային, սեփական անվտանգության հաշվին այս ու այն կողմ թռնող, աշխարհի ժամանակավոր դժբարություններից օգտվող և փող աշխատող անկայուն կերպարներ:
Հայաքվեի նախաձեռնությանն օրենսդրական ուժ տալը, կարող է փրկություն լինել ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև Նիկոլի համար:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ