Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ծանրագույն իրավիճակում ես դրական եմ գնահատում ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա համոզմամբ՝ սա լուրջ քաղաքական նշանակություն ունի, քանի որ Ադրբեջանը ձգտում էր ճանապարհ բացել, բայց դա, Արցախի նոր իշխանությունների հստակ կամքի և Ռուսաստանի դերի շնորհիվ, տեղի չունեցավ:
«Ռուսաստանը ցույց տվեց իր համար Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի ճակատագրի կարևորությունը։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում կան քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք ծանրագույն իրավիճակում առաջնորդվում են ոչ թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում գտնվելու հակահայկական գաղափարով, այլ Լեռնային Ղարաբաղը փրկելու առաքելությամբ»,-նշեց նա։
Շարմազանովը Հայաստանի ներկայիս իշխանություններին մեղադրեց ղարաբաղյան խնդիրը զուտ մարդասիրական հարց դարձնելու մեջ։ Նրա գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը Փաշինյանի քաղաքականության և Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու ուղղակի հետևանքն է:
«Փաշինյանը նույնիսկ չի կարող աջակցություն հայտնել Ստեփանակերտին, քանի որ կատարում է Ալիևի վերջնագրերը։ Եվ՛ Եվրամիությունը՝ ի դեմ եվրոպական դիվանագիտության ղեկավար Բորելի, և՛ Ռուսաստանը՝ ի դեմս նախագահ Պուտինի, հայտարարել են, որ հենց Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի ղեկավարների շարքում առաջինը ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Ուստի, Փաշինյանի հեքիաթներն այն մասին, թե Հայաստանը Ալմա Աթայի հռչակագրով, իբր, ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, լկտի սուտ է։ Միջազգային խաղացողները հայտարարում են, որ Լաչինի միջանցքը փակ է նաև Փաշինյանի քաղաքականության պատճառով։ Հենց Փաշինյանի և Ալիևի գործունեության արդյունքում է, որ Լաչինի միջանցքը փակ է»,-հավելեց նա։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Ալմա Աթայի հռչակագիրը վավերացրել է վերապահումով, որտեղ հստակ նշված է ինքնորոշման սկզբունքը։
«Հայաստանում ՀՀԿ-ի պաշտոնավարման 12 տարիների ընթացքում Ադրբեջանը ոչ մի անգամ չի վկայակոչել այդ հռչակագիրը»,-նշեց նա։
Շարմազանովը վստահ է, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները նպատակ ունեին հրաժարվել Լեռնային Ղարաբաղից և փոխել Երևանի ռուսամետ արտաքին քաղաքական վեկտորը։