Մենենդես․ Ալիևն Արցախում էթնիկ զտումներ է իրականացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախում խանութները դատարկ են, Շտապօգնության մեքենաները չունեն վառելիք, հղիության ընդհատումները եռապատկվել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լսումների մեկնարկին իր խոսում նշեց հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը:

 

«Արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցք մուտքը` թույլ չտալով Հայաստանից մարդասիրական օգնություն անգամ հասցնել ԼՂ հայերին, որոնք սովամահ են լինում: Վերջին օրերին միայն մեկ բեռնատար է Աղդամից մուտք գործել Ղարաբաղ, մինչդեռ այնտեղի բնակչությունը 120 հազար է: Շրջափակումից առաջ օրական 120 բեռնատար էր մտնում ԼՂ: Ադրբեջանի նախագահ Ալիևն ասում է, որ ինքն էթնիկ զտումներ չի կազմակերպում, բայց նրա արածը հենց դա է»,-ասաց Մենենդեսը` հավելելով, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով զորքեր է կուտակում, և իրենք պետք է զգոն լինեն։

Նա հիշեցրեց Միջազգային քրեական դատարանի նախկի նախագահ Լուիս Մորենո Օկամպոյի խոսքը, որ սովի մատնելն անտեսանելի ցեղասպանական զենք է: «Այսպես շարունակվելու դեպքում ԼՂ հայերը կոչնչանան մի քանի շաբաթից, մի քանի շաբաթից: Մենք ունենք այդքան ժամանակ: Ի՞նչ է անում ԱՄՆ պետքարտուղարությունը, ինչ է անում Բայդենի վարչակազմը, ինչ է անում միջազգային հանրությունը: Մեր միջամտությունը պետք է լինի շրջափակման վերացումը, Լաչինի միջանցքի անհապաղ բացումը: Մենք պետք է կանգնենք խաղաղության համար, անվտանգության ու մարդու իրավունքների համար: ԱՄՆ-ն և Եվրոպան ունեն պատասխանատվություն»,-ասաց Մենենդեսը։

Մենենդեսը կարևորեց Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, սակայն հավելեց, որ խոսակցությունն անարժեք է, եթե այդ խոսակցության մասնակիցներից մեկը էթնիկ զտումների արշավ է իրականացնում: Նա ընդգծեց, որ իր ունեցած բոլոր ռեսուրսները գործի կդնի պետքարտուղարությանը գործողությունների դրդելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին էլ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում էին լսումներ անցկացվել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետևանքով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։

News.am