Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ ԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԻ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ԱՃՅՈՒՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԻՑ

Գրեցի՝ «չի կարողանում» և... մտքերի մեջ ընկա։ Ոչ, ամենևին էլ այդպես չէ. նա չի ցանկանում և մտադիր չէ դա անել, վաղուց մոռացել է հայրենի երկրի տարածքում երկօրյա պատերազմում իր Հայրենիքը պաշտպանելիս զոհված երիտասարդ զինվորին: 33-ամյա Շիրազ Խաչատրյանը զոհվեց նախորդ տարվա սեպտեմբերյան մարտերում, և նրա դին մինչ օրս մնում է Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դիրքերում:

Վերջին երեք տարիներին իրադարձություններն այնքան հոծ են ընթացել, որ ոչ ոք արդեն չի էլ հիշում, որ 2022 թվականին Ադրբեջանի աշնանային ագրեսիայից հետո, որի ընթացքում երկու օրում 224 (!!!) հայ զինվոր զոհվեց, նրանցից մի քանիսի մարմիններն այդպես էլ ընկած մնացին մարտի դաշտում։ Մասնավորապես, խոսքը սկզբում անհետ կորած համարվող երեք զոհերի մասին է։ Հաղորդվում էր, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերցնել նրանց աճյունները։

Կրկնում եմ. հայկական տարածքում ընկած են մնացել ՀՀ ԶՈՒ զոհված զինծառայողների աճյունները, քանի որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս վերցնել և հողին հանձնել նրանց։ Սա Նիկոլ Փաշինյանի ժամանակների, ավելի ճիշտ՝ մահտարաժամի Հայաստանն է…

Սեպտեմբերյան մարտերից անմիջապես հետո պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում սպանվածների, վիրավորների, անհետ կորածների և գերեվարվածների թվի մասին, հետո ամեն ինչ կանգ առավ, պտտվեց, սկսվեց Արցախի շրջափակումը, և մեր բոլոր մտքերն ու հոգսերը թեքվեցին ողջերի ուղղությամբ։ Բայց փաստը ոչ մի տեղ չի անհետացել. անցել է ուղիղ մեկ տարի, իսկ զոհվածներից մեկի աճյունը մնում է անթաղ ընկած, և իշխանավորներից բառացիորեն ոչ մեկին դա բացարձակապես չի հուզում։

Սեպտեմբերի 5-ին News.am կայքը պատմեց Շիրազ Խաչատրյանի ընտանիքի մասին: Նրա կնոջ՝ Մարիամի խոսքերով, պատկան կառույցներից ոչ մեկն իր հետ ոչ մի անգամ չի կապվել, ինքն է երբեմն մտնում զորամաս՝ պարզելու, թե արդյոք նորություն կա՞ Շիրազի աճյունը միջդիրքային տարածքից դուրս բերելու վերաբերյալ: Նրան անտարբեր պատասխանում են լոկ այն, թե՝ սպասիր, համբերիր, դե, մի օր կբերենք։

«Ասում են՝ թուրքը չի տալիս, որ վերցնենք մարմինը… Ոչ մեկ իմ տան դուռը չի բացել, մենակ ենք մնացել, պետությունն ընտանիքիս կողքին չէ, այն ընտանիքի, որի հայրը զոհվել է հանուն պետության։ Ոչ մեկին չի հետաքրքրում, թե իր ընտանիքն ինչ պայմաններում է ապրում»,- պատմում է Մարիամը, որն ամուսնու մահից հետո ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում է հայտնվել երկու անչափահաս երեխաների հետ։

Նրան խորհուրդ են տալիս անհետ կորած ճանաչել Շիրազին, որպեսզի նպաստ ստանա, բայց նա չի ուզում. «Գիտեմ, որ ամուսնուս մարմինը միջդիրքային հատվածում է: Ես հույս ունեմ, որ վաղը-մյուս օրը կբերեն մարմինը… գոնե ոսկորները բերեն, ԴՆԹ անենք, հասկանամ՝ իմ ամուսինն է, թե ոչ… Ո՞նց կորած ճանչեմ»։

Շիրազի դիակի գտնվելու վայրն էլ հայտնաբերել են ոչ թե ՊՆ մասնագետները, այլ հարազատները ՝ տեսասարքի միջոցով։ Նրա ծառայակիցները պատմել են, որ 12 մարտիկներից միայն նա է զոհվել, մյուսներին հաջողվել է հեռանալ։ «Գոնե իմանամ, որ չեն հանելու դին, հուշարձան կամ մի բան կառուցենք, հեսա 1 տարին կլրանա, ու ես չգիտեմ՝ որտեղ ամուսնուս հիշատակը հարգեմ»,- ասում է Մարիամը:

Հենց սա է նիկոլական իշխանության իրական դեմքը։ Սա է այն չարիքը, որի յուրաքանչյուր «ծամածռանքը» մեզ թվում է ամենաստորին կետ, բայց սրանք չեն հոգնում հատակից էլ ցած գլորվելուց: Սա է դավաճանների իշխանության վերաբերմունքի հայելին հայ զինվորի նկատմամբ, որի մարմինն իր իսկ տարածքում անհասանելի է հարազատների համար, քանի որ «թշնամին թույլ չի տալիս»: Ասենք թե։ Բայց մի՞թե դա է հիմնական պատճառը: Ո՞վ է թուրքը, որ հայերին «թույլ չտա» վերցնել և քրիստոնեաբար հողին հանձնել իր զոհված զինվորի մարմինը։ Այդպիսի՞ «արգելքներ» ենք հաղթահարել, այդպիսի՞ անմարդկայնության համար ենք պատժել թուրքին։

... 2014 թվական, նոյեմբեր: Ադրբեջանցիները շփման գծի մոտ խոցում են Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռը։ Զոհվում է ողջ անձնակազմը՝ երեք օդաչուներ։ Թշնամին նշանառության տակ է պահում տարածքը, թույլ չտալով տարհանել աճյունները, այն դեպքում, երբ որոշ տեղեկությունների համաձայն՝ տղաներից մեկը կարող էր դեռ ողջ լինել։ ԵԱՀԿ-ի, մյուս միջնորդների միջամտությունը, միջազգային կառույցների ամենատարբեր կոչերն ու հայտարարությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցնում։

Եվ ահա նոյեմբերի 22-ին հայտնվում է սենսացիոն հաղորդագրություն. Պաշտպանության բանակի հատուկջոկատայինները գիշերով անցկացրել են իր խիզախությամբ, հանդգնությամբ և ռազմական հմտությամբ եզակի գործողություն, դուրս բերելով զոհվածների մարմիններն ու ուղղաթիռի մասերը, և դեռ հընթացս էլ ոչնչացնելով հակառակորդի երկու զինվորների։

Ահա թե ինչպես էր գործում Հայոց բանակը այն ժամանակներում, երբ Հայաստանում իշխանության ղեկին հայեր էին կանգնած և առաջնային էին ազգային շահերը, ազգային անվտանգությունն ու ազգային արժանապատվությունը: Այսօր, երբ Հայաստանը բռնազավթված է դավաճանների կողմից, երբ մեր Հայրենիքը զավթված է թուրքի դրածոների կողմից, այդ ամենն այնքա՜ն հեռավոր ու ֆանտաստիկ է թվում։ Մինչդեռ անցել է ընդամենը 9 տարի. և՛ այդ եզակի գործողությունը, և՛ արցախյան այդպիսի հատուկջոկատայինները, ինչպեսև շատուշատ այլ բաներ, բացարձակ իրականություն էին…

Փաշինյանական իշխանությանը պետք չեն ու չեն հետաքրքրում ո՛չ Շիրազ Խաչատրյանն ու իր ընտանիքը, ո՛չ այն ռազմագերիները, որոնք երեք տարի շարունակ Բաքվի բանտերում անցնում են դժոխքի բոլոր պարունակներով և որոնց թիվը միայն ավելանում է, ո՛չ էլ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորածների ճակատագիրը... Սրանց չեն հետաքրքրում զորանոցում ողջ-ողջ այրված տասնհինգ երիտասարդ զինվորների մահվան պատճառները, չի հետաքրքրում Հայաստանի տարածքից առևանգված հայ զինծառայողների ճակատագիրը, չի հետաքրքրում համեմատաբար խաղաղ պայմաններում մահերի ահռելի քանակը բանակում։ Սրանց հետաքրքրում է միայն մեկ բան. սեփական իշխանությունը, սեփական բարօրությունը և սեփական հաճույքները։

Եվ հենց դրա համար ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, այդքան թանկ գին վճարում, երեք տարի շարունակ անընդմեջ հոսքով կորցնելով երիտասարդ կյանքեր։ Այդ տղաները անցած տարվա սեպտեմբերին զոհվեցին հանուն Հայրենիքի. այդպիսի մահը հայ ժողովուրդը հնուց ի վեր համարել է իմացյալ և, հետևաբար, վերին աստիճանի պատվաբեր ու պատվելի մահ: Բայց անհայրենիք ու տոհմազուրկ մանկուրտների իշխանությունը ջանում է նվազագույնի հասցնել ու իսպառ արժեզրկել երկրի, հողի, պետության պաշտպան զինվորի դերը։

Հիշեք հայտնի տիկնոջ խոսքերը «հանուն ոչնչի զոհված տղաների» մասին։ Հիշեք, թե ինչի վերածվեց երբեմնի փառապանծ, կուռ ու արժանապատիվ կառույցը՝ Երկրապահ կամավորականների միությունը: Հիշեք «գերիներին, որոնք կսպասեն ևս երկու ամիս»՝ ընտրություններում գլխավոր դավաճանի և նրա ոհմակի հաղթանակի համար։

... Արդեն երկրորդ տարին է ընթանում, ինչ Հայրենիքի պաշտպան Շիրազ Խաչատրյանի մարմինն ընկած է հայկական տարածքում, բայց թուրքը թույլ չի տալիս վերցնել նրան: Իսկ ևս մեկ ընտանիքին այդ սարսափը, նվաստացումն ու տառապանքը պատճառած Նիկոլը շարունակում է մահ, ավերմունք, անսպառ կորուստներ և անվերջանալի աղետներ բերել Հայոց աշխարհին